Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ են ակնկալում Հառիճավանքի երեխաները նոր սահմանադրությունից

Հասարակություն
misha

Միշան և Ֆերդինանդը Հառիճավանք գյուղի բնակիչներ են, ընկերներ են, երկուսն էլ 12 տարեկան, սովորում են նույն՝ 7-րդ դասարանում։ Սահմանադրության մասին գիտեն միայն, որ այն «մեր պետության օրենքների գիրքն է»։ Իսկ տղաներն ի՞նչ օրենքներ կուզենային, որ Սահմանադրությունը պարունակեր։ Ֆերդինանդը նշում է. «Որ բոլոր մարդիկ իրար հավասար լինեին, որ արդարությունը շատ լիներ»։ Միշան հավելում է. «Էնպիսի կանոններ լինեն Սահմանադրության մեջ, որ սահմաններում խաղաղություն լիներ, պատերազմ չլիներ»։ Ծնողների հոգսը թեթևացնելու համար Ֆերդինանդը այգին է մշակում. «Տարբեր ծառեր եմ մշակում՝ տանձենի, խնձորի ծառ, վիշնյա։ Ամառվա ընթացքում էլ հողամասի վրա եմ աշխատում, որ մաման ու պապան շատ չտանջվեն դպրոցի համար հագուստներ գնելու»։ Միշան երազում է դերասան դառնալ, Ֆրունզիկը սիրած դերասանն է. «Բայց գիտեմ, որ շատ դժվար է իր նման դառնալ։ Կդառնամ, թե չէ՝ չգիտեմ, բայց շատ կուզեմ»։ Իսկ ինչպիսի՞ պետություն են նրանք երազում ունենալ. «Մարդիկ դժվար են ապրում հիմա։ Կուզենայի, որ այնպիսի երկիր ունենայինք, որ երեխաների ծնողները աշխատելու համար Ռուսաստան չգնային, գյուղում իրենց երեխաների հետ լինեին»,- ասում է Ֆերդինանդը։ «Նույնը...», - ժպտալով հավելում է Միշան։