«Ո՞ւր էին ձեր այդ մտքի թռիչքներն 90-ականներին»
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին զայրացրեց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի և ընդհանրապես՝ վերջին օրերին ընդդիմադիրների՝ տնտեսության վերաբերյալ քննադատական ելույթներն ու իշխանափոխություն իրականացնելու մասին մտքերը։ «Այս երկրին հարկավոր են նոր մարդիկ. պատկերացնո՞ւմ եք՝ ովքե՞ր են կոչ անում։ 1998 թվականին պարզապես փախուստի դիմեցին այդ մարդիկ։ Փախուստի դիմեցին այն բանի համար, որ հիմնովին կործանել էին տնտեսությունը, և երկիրը գտնվում էր անդունդի եզրին։ Մենք ինչ-որ չափով կարողանում ենք դրանք ուղղել։ Եվ այսօր կոչ են անում սփյուռքին, որ չգան Հայաստան, անում են ամեն ինչ, որ այստեղ մեր տնտեսությունն իրոք հասցնեն քայքայման իրենց կոչերով, պրովոկացիաներով։ Եվ իրենք ի՞նչ հույս ունեն. մեր սփյուռքին կոչ են անում՝ դուք համբերեք, մենք կգանք իշխանության, և այդ ներդրումները նոր կկատարեք։ Ես ի լուր ամբողջ սփյուռքի ասում եմ՝ մեկ անգամ այս ժողովուրդը տեսել է այդ իշխանությունը։ Սփյուռքն այս ժողովրդի մի մասնիկն է և հասկանում է, թե այստեղ ինչ ելույթներ են տեղի ունենում։ Սա վրեժխնդրություն է սեփական ժողովրդից»,-բորբոքված նշեց նա։ Նա հիշեցրեց ոչ վաղ անցյալը. «Ո՞ւր էին ձեր այդ մտքի թռիչքներն 90-ականներին։ Մարեցի՞ն այդ թռիչքները։ Այն ժամանակ ո՞ւր էիք դուք, բոլոր այս նստածներդ, երբ քայքայում, թալանում, կործանում էիք այս երկիրը։ Եվ եթե չլինեին որոշ մարդիկ և այսօրվա իշխանությունները, կարող էր հիմնովին Հայաստան աշխարհը կործանված լիներ»։ Ըստ պարոն Բաղդասարյանի՝ 2016 թ. բյուջեի ցուցանիշները լավագույնը չեն և առիթ են տալիս ընդդիմադիրներին բացասական տրամադրվածություն տարածել։ Սակայն պետք է հաշվի առնել, որ փոքր տնտեսությամբ երկրների համար տնտեսական կայունության ապահովումը լուրջ խնդիր է։