Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լավատեսական սցենարի դեպքում տնտեսությունը կկայունացնենք 2040-ին»

Քաղաքականություն
Zurabyan-nkar

«Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 7 տարիների ընթացքում, առաջին անգամ խաղաղության պայմաններում արտագաղթը Հայաստանից կազմել է ավելի քան 300.000 մարդ։ Իսկ մարդկանց հեռացման տարեկան տեմպը հասել է ավելի քան 50.000-ի։ Պատճառը, բնական է, այն է, որ մարդիկ չեն կարողանում օրվա հացը վաստակել, քանի որ չունեն աշխատանք»,-հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ քիչ առաջ ասաց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը։ Նա տնտեսության մեջ որևէ զարգացում այս բյուջեով չի ակնկալում։ «Ի-Վի քոնսալթինգ ընկերությունը հաշվարկել է, թե որքան ժամանակ է պահանջվում, որ Հայաստանում արտագաղթը դադարի և գործազրկությունը մոտենա քիչ թե շատ բնականոն համարվող 6 տոկոսի։ Համաձայն այդ հաշվարկի՝ եթե մենք ունենանք ոչ թե 2,2, այլ մեզ համար արդեն անհասանելի դարձած 3,5 տոկոս աճ, ապա մեր տնտեսությունը կկայունացնենք միայն 2040 թվականին։ Այդ ընթացքում մենք կկորցնենք ևս 600-700.000 մարդ։ Եվ սա լավատեսական սցենարի դեպքում»։ ՀԱԿ պատգամավորն իշխանությանը հորդորում է չխաբել ժողովրդին, ասելով, թե սահմանադրությունը փոխում են՝ առանց ցնցումների իշխանափոխության նախապատրաստելու նպատակով։ «Իրականում ձեր սպառված ռեժիմը Հայաստանի համար կարող է մի բարի գործ անել. կազմակերպել իշխանության խաղաղ փոխանցումը ժողովրդին»,-շեշտեց նա։ «Եթե մեր երկրում որևէ նավ գնում է դեպի գահավիժում, և կործանում, ապա այդ նավի անունն է ՀԱԿ։ Այլ նավ մեր երկրում, որը գնում է դեպի գահավիժում, չկա»,-պարոն Զուրաբյանի ելույթին տեղից արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։