Եթե լիներ սովետական միության ժամանակ, 50 հոգի նստած կլինեին. Օֆշորի դատը չկայացավ (տեսանյութ)
Իր 12 մլն դոլարանոց ունեցվածքն առանց հետագա պարտավորությունների եւ պայմանագրի Աշոտ Սուքիասյանին տրամադրած եւ այնուհետեւ ունեզրկված Փայլակ Հայրապետյանը գոհ է դատական գործընթացից: «Ապացուցվում է, որ իսկապես խաբեությամբ իմ ունեցվածքը վերցրել է, լիազորագիրը վերցրել է եւ ամբողջ աշխատանքները, որ ցույց է տվել, որ պետք է կատարվի, այդքան մարդկանց աշխատացնելը, բոլորը սուտ է, խաբեություն»,- «Ա1+»-ին ասաց Փայլակ Հայրապետյանը: Իրեն խարդախության զոհ համարող Փայլակ Հայրապետյանը, սակայն, մնում է այն կարծիքին, որ դատարան պետք է գան եւ հարցաքննվեն Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Օֆշորային սկանդալում շրջանառվում էին նաեւ նրանց անունները. «Եթե սա լիներ սովետական միության ժամանակ, 50 հոգի նստած կլինեին: Աշոտ Սուքիասյանը նստած կլիներ, իրավաբանները նստած կլինեին, բանկի կեսը նստած կլիներ, Սարգսյանը նստած կլիներ, Կճոյանը նստած կլիներ, բոլորը նստած կլինեին»։ Այսօր գործով միակ ամբաստանյալը Աշոտ Սուքիասյանն է, որը մեղադրվում է խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու մեջ: Աշոտ Սուքիասյանն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում: Այսօրվա դատական նիստը, սակայն, չկայացավ, գործով դատախազը չէր ներկայացել դատարան: Դատական նիստի օրվա եւ ժամի մասին կողմերին կտեղեկացվի լրացուցիչ: