Հերմինե Նաղդալյանը հորդորում է չվախենալ և չխուսափել վարկերից
«Բյուջեն նորմանդերեն բառ է, հին նորմանդերենում նշանակում էր քսակ կամ փողով լի կաշվե պարկ»,-այսօր Ազգային ժողովում բոլոր չիմացողներին բացատրում էր ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը։ Ըստ նրա՝ որևէ փաստաթուղթ այնքան հստակ չի ցուցադրում պետության առկա վիճակը, որքան բյուջեն։ Ընդդիմադիր գործիչների հետ տիկին Նաղդալյանը համամիտ է. ծախսերը պետք է կրճատել։ «Ճոխություններ, անտեղի ծախսեր պետք է թույլ չտալ, թույլ չտանք նաև նոր վարկերի, պարտքերի ավելացում։ Բայց պետական ծախսերի ավելացումը վտանգավոր չի, հակառակը՝ անհրաժեշտ է , նաև միջոցներից մեկն է՝ առավել շոշափելի և տեսանելի արդյունքներ ունենալու համար։ Վտանգավոր է, եթե այդ ծախսերը լինեն անիմաստ, անտեղի և անարդյունավետ։ Եթե լինեն պարզապես սպառում։ Եթե լինեն ոչ թե նոր ծրագրերի իրականացման, այլ ինչպես այստեղ նշվում է՝ մսխման նպատակով։ Որևէ մեկը քաղաքական մեծամասնությունից երբեք չի աջակցի և չի փորձի ծածկել նման երևույթները, եթե դրանք լինեն»։ Գործիչը հորդորում է ընդդիմադիրներին չվախենալ կամ չխուսափել վարկերից ու պարտքերից. «Այլ նախանձախնդիր լինել, որպեսզի դրանց արդյունավետ ապահովման բարձր ցուցանիշներ ունենանք։ Իսկ պարտքերի վերադարձելիության մասին բացի մեզնից, հոգում են նաև իրենք՝ պարտք տվողները, որոնք ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում հայաստանյան ցուցանիշները»,-շեշտեց նա։