Հայաստանում նոր ծնվող երեխան էլ 1590 դոլար պարտք ունի (տեսանյութ)
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր Ազգային ժողովում խոսեց բացառապես ՀՀ պետական պարտքից։ «Բեռլինում՝ քաղաքի կենտրոնական մասերից մեկում, կա ցուցատախտակ, որտեղ ամենօրյա ռեժիմով ցուցադրվում է երկրի պարտքը, և դինամիկան, որ անընդհատ փոխվում է։ Այն ցույց է տալիս տվյալ կառավարության ստեղծագործ կամ մսխող բնույթը։ Եվ այստեղ այնքան էլ կարևոր չէ վարկի բացարձակ չափը, այլ պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի հետ և նրա ստեղծագործական լինելը՝ երկրի ստեղծած պրոդուկտի հետ։ Մեր վերցրած պարտքերն ամենևին էլ ստեղծագործական չեն, այլ մսխվող պարտքեր են»,-շեշտեց նա։ Նախորդ տարի մեր երկրի պետական պարտքը կազմել է 4,4 մլրդ դոլար, այս տարի՝ 5 մլրդ։ «Հիմա սպասվում է 5,6 մլրդ դոլար։ Արտաքին պարտքն աճել է 1,1 մլրդ-ով՝ հասնելով 4,8 մլրդ-ի։ Կենտրոնական բանկի պարտքը 440 մլն-ից հասել է 550 մլն-ի։ 2008 թ. Սերժ Սարգսյանի իշխանության սկզբում մեր պետական պարտքը եղել է 1,6 մլրդ դոլար։ Նայեք դինամիկան. 1,6 մլրդ-ից ձեր իշխանության ժամանակ թիվը դարձել է 5,6 մլրդ։ Միայն Հովիկ Աբրահամյանի իշխանության ժամանակ 1,7 մլրդ-ով ավելացել է մեր պետական պարտքը։ Սա է մեր պարտքերի սարսռող , ոչ հեռանկարային տնտեսական զարգացումը»,-շեշտեց պարոն Մանուկյանը։ Պատգամավորը դիմեց խորհրդարանում ներկա պատասխանատուներին. «Պարոն նախարար, պարոն վարչապետ, 1 տարի առաջ դուք կանխատեսում եք արել, ռազմավարական ծրագիր եք մշակել, որ իջեցնեք 37 տոկոսի պարտքի հարաբերակցությունը, բայց հիմա դարձել է 49 տոկոս։ Մենք եկող տարի մարելու ենք բյուջեից 320 մլն դոլար։ 2020 թվականին դա անցնելու է 400 մլն դոլարը»։ Իրավիճակը քաղաքացիների համար ավելի պարզ ներկայացնելու համար պարոն Մանուկյանը նշեց. «Այսօր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու վրա մեր պետական պարտքի բաժինը հասնում է 1590 դոլարի, ընդ որում՝ նաև այդ օրը ծնված երեխայի վրա։ Սա վաղվա օրը կործանող բյուջե է։ Մեր կառավարությունը մսխող կառավարություն է»։ «Լավ չի կործանումից խոսել»,-ՀԱԿ պատգամավորի ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։