Հ. Աբրահամյանը բնակիչներին ընդունել է ոչ թե որպես վարչապետ, այլ Այո-ի շտաբի պետ (տեսանյութ)
Այսօր Կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան էին իրականացնում հաշմանդամ օդաչուները, «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները, ինչպես նաև՝ Տերյան 12 շենքի նախկին բնակիչները։ Հաշմանդամ օդաչուները «Ա1+»-ի հետ զրույցում նշեցին, որ պահանջում են փոխհատուցում, քանի որ աշխատանքի արդյունքում հաշմանդամություն են ձեռք բերել, սակայն մի քանի տարի է՝ ֆինանսական օժանդակություն չեն ստանում։ Նշենք, որ նախորդ տարվա մարտ ամսին նրանք հանդիպել էին վարչապետին, ով խոստացել էր խնդրին լուծում տալ, սակայն օդաչուների խոսքով՝ մինչ օրս ոչ մի քայլ չի ձեռնարկել։ «Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն էլ նշեց. «Պահանջում ենք «Նաիրիտ»-ի վերագործարկում, տույժ-տուգանքների մարում և պայմանագրերի չեղարկում։ Մենք լիահույս ենք, որ մեր խնդիրներն ի վերջո կկարգավորվեն»։ Տերյան 12 շենքի նախկին բնակիչների խնդիրն էլ օտարված բնակարանների դիմաց պատշաճ փոխհատուցում ստանալն է։ «Նախորդ երկուշաբթի հանդիպել ենք Հովիկ Աբրահամյանի հետ, ով խոստացավ, որ մոտ ժամանակներս կփորձի մեր խնդիրը կարգավորել։ Սա միակ դեպքն է, որ մեզ հաջողվեց հանդիպել նրան, հազարավոր նամակներ ենք գրել, բայց միայն հիմա հաջողվեց։ Նա մեզ ընդունել է ոչ թե որպես վարչապետ, այլ ՀՀԿ Այո-ի շտաբի պետ»,-նշեց տիկին Ժենյան։