Ոստիկանները «Ոչ»-ի հետ են (տեսանյութ)
«ՈՉ» ճակատի քարոզչական տեսահոլովակներն այն մասին են, որ Սերժ Սարգսյանի Սահմանադրությանը «Ոչ» են ասում բոլորը։ «Ոչ»-ի տեսահոլովակներում կան նույնիսկ իշխանությունները։ Սերժ Սարգսյանը, սակայն, «Ոչ»-ի քարոզչահոլովակների միակ շոշափելի հերոսն է՝ քվեարկողը պետք է դադարեցնի նրա տանջանքները, նա շփոթված է, նա հոգնած է։ Հոլովակներում կարելի է տեսնել աշխարհի մեծերի դիտողությունները Սահմանադրություն փոխող իշխանությունների մասին։ «Ոչ»-ը բազմաթիվ հանցագործությունների ու երեւակայությունից զուրկ ձեռնարկների պատասխանն է։ «Ոչ» ասելը դառնում է հանցագործությանը դիմագրավելու միակ կամային բառը։ «Ոչ»-ականները հիշում են նաեւ ոստիկանության հերոսությունները Հայաստանի քաղաքացիների հանդեպ։ «Այո»-ի տեսահոլովակները 4-ն են՝ առաջինը սահմանադրական փոփոխությունների նախապատմությունն է՝ սկզբից «Դատաստանագիրքն» էր, հետո՝ «Ոռոգայթ Փառացը»։ Շահամիրյանն, ըստ այդ Սահմանադրության, խոսում էր խորհրդարանական կառավարումից։ Շահամիրյանից հետո Սերժ Սարգսյանը երկրորդն է, որ կարեւորում է այդ կառավարումը՝ նիստեր, նիստեր, նիստեր։ Հետո քաղաքական ուժերի հետ Սերժ Սարգսյանի հռչակավոր ֆոտոսեսիան, բոլորը գոհ են, բոլորը կողմ են փոփոխություններին։ Երկրորդ տեսահոլովակում բանակն է՝ եթե սահմանադրությունը չփոխվի, բանակը կմնա անզեն։ «Այո»-ի տեսահոլովակներից ոչ մեկում շարքային քաղաքացիների խոսք չկա, պատգամավորներ են, կուսակցությունների ղեկավարներ, բժիշկներ։ Ոչ մի գործազուրկ։