Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ն արագացված կարգով քննարկում է Թեւան Պողոսյանի նախագիծը

Քաղաքականություն
tevan-poghosyan

ԱԺ-ն այսօր մեկ նիստով սկսեց քննարկել «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանի նախագիծը՝ փոփոխություն կատարել «ԱԺ Կանոնակարգ» օրենքում: Նա առաջարկում է, որ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հիմնականում լինի բանավոր տարբերակը, իսկ գրավոր տարբերակից լինի միայն երկու հարցի իրավունք: Պարոն Պողոսյանն առաջարկում է նաեւ սահմանափակել հարց տալու եւ պատասխանի ժամկետները՝  երկուական րոպե, իսկ արձագանքների համար՝ մեկական րոպե. «Սա հնարավորություն կտա ավելի շատ հարցեր հնչեցնել: Սրանով կնպաստենք նաեւ նոր մշակույթի ձեւավորման»: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հավանության արժանացրեց այս նախագիծը. «Այո, գրավոր հարցուպատասխանը ժամավաճառություն է ՀՀԿ համար, որոնց նպատակն է ուղղակիորեն սպառել հարցուպատասխանի ժամանակը»: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հարց ուղղելով Թեւան Պողոսյանին, նշեց, որ գործող Սահմանադրությունը չի պարտադրում, այլ ուղղակի չի արգելում գրավոր հարցեր ուղղել. «Դրանով մենք չենք խախտում Սահմանադրությունը, երբ չենք հրապարակում գրավոր հարցերը: Ձեր նախագծի առաջին տարբերակը ավելի սրտամոտ էր: Նաեւ ուզում եմ իմանալ՝ խմբակցություններից ի՞նչ կարծիք կա՝ անցնո՞ղ է, թե բլոկ են անելու ձեր նախագիծը»: Թեւան Պողոսյանն ասաց, որ նման առաջարկ իրեն արել է Գագիկ Ջհանգիրյանը: Նա նշեց, որ բոլոր խմբակցությունները կողմ են եղել, բացի ՕԵԿ-ից: Իսկ Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, որ գրավոր ընթացակարգից հիմնականում ընդդիմադիրներն են բողոքել, որ իշխանությունը այդ լծակն օգտագործում է՝ ի շահ իրեն. «Այն կոմպրոմիսը, որի մասին խոսում եք, որ Ջհանգիրյանի հորդորով է արվել, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ նոր Սահմանադրությունն այլեւս արգելում է գրավոր հարցերի ուղղումը: Եթե հիմա ընդունենք ձեր նախագիծը, ստացվում է՝ մենք ստիպված ենք լինելու այն նորից փոփոխել նոր Սահմանադրության ընդունումից հետո»: «Ոչ ոք չի կարող ասել՝ կանցնի՞ նոր Սահմանադրությունը, թե ոչ»,- արձագանքեց Թեւան Պողոսյանը: Հարակից զեկուցող, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ իրենք հակված են մերժելու նախագիծը, քանի որ բոլոր պատգամավորներն էլ, բացառությամբ մեկ-երկու դեպքի, հասցնում են հարցեր ուղղել կառավարության անդամներին: