«Էհ, Արծվիկ, Արծվիկ, մեզանից նեղացաք, գնացիք Սերժի գիրկը» Արամ Մանուկյան
Սահմանադրական փոփոխություններ. բանավիճում են Արամ Մանուկյանն ու Արծվիկ Մինասյանը Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ բանավեճ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի և ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի միջև սահմանադրական փոփոխությունների գործընթացի և նախագծի շուրջ: «Ես արդեն 40 համայնքում հանդիպումներ եմ ունեցել, զրուցել շուրջ 1400 հոգու հետ, եւ հավատացեք ինձ, գեթ մեկ հոգի «այո» այս երկրում չկա: Ես ընդամենը հարց եմ տալիս` ում էր պետք այս քյալլագյոզությունը: Մենք տարիուկես` մոռացած մեր բյուջեն, հիմա հեսա կտեսնեք, թե ինչ հետ նահանջի բյուջե են բերել, մոռանալով արտագաղթի արդեն սահմանը անցնող քանակը, մեր աղքատության արդեն սարսափելի արագացող տեմպերը, թողել` նստել ենք, Սահմանադրություն ենք փոխում: Այն դեպքում, երբ գործող Սահմանադրությունը կարգուկանոն պահպանում է,- նշեց Արամ Մանուկյանը` հարց ուղղելով Արծվիկ Մինասյանին,-Արդյոք գործող սահմանադրությունն ասում է, որ խորհրդարանում պետք է 60 հոգի բիզնեսմեն լինի, ընդ որում բիզնեսմեն, որոնք Հայաստանում հիմնական բիզնեսների տերերն են: Գործող սահմանադրությունը չի աշխատում այդ առումով, եւ եթե իշխանությունը կամք չունի գործող Սահմանադրությունը աշխատացնելու, փոխելու իմաստը ո՞րն է»: Արձագանքելով այս հարցադրմանը` Արծվիկ Մինասյանը նկատեց. «Քաղաքական կամք կոչվածը պետք լինի մի մեխանիզմ, որը պետք է ապահովվի Մայր օրենքով եւ պարտադրի իշխանությանը դրսեւորելու այն, այլ ոչ թե թողնի վերջինիս ցանկությանը: Եթե դա թողնենք իշխանության ցանկությանը, ապա որեւէ իշխանություն երբեւէ իր լիազորությունները կամավոր հենց այնպես չի զիջի»: «Պատերազմական վիճակում գտնվող երկիրն իր ռեսուրսները պետք է լրիվ ուրիշ ուղղությամբ տաներ, սակայն մեզ շեղել են էն լուրջ խնդիրներից, որ Հայաստանն ուղղակիորեն սպառվում է»,-ընդգծեց Արամ Մանուկյանը` հավելելով. «Մենք ասում ենք մեր տունը քանդվում է, դուք ասում եք` միջանցիկ քամի է: Սա ամենեւին սահմանադրական փոփոխություններ չեն, սա ընդամենը Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու խնդիր է»: Նա նաեւ ընդգծեց, որ այս նախագծի կյանքի կոչման դեպքում ժողովրդին հեռացնում են երկրի կառավարումից. «Կա երեք ընտրություն, որին ժողովուրդը մասնակցում է: Առաջինը` նախագահական ընտրություններն են, որին այս նախագծով ժողովրդի մասնակցությունը 100 տոկոսով հանվում է: ՏԻՄ ընտրությունները 3 տարով էր, դարձավ 5 տարի, 40 տոկոսով ժողովրդի մասնակցությունը կրճատվեց ժամկետի առումով, խորհրդարանն էլ 4 տարի էր, սարքեցին 5, եւ դարձյալ 25 տոկոսով ժողովրդի մասնակցւթյունը հեռացվեց իշխանության ձեւավորման գործընթացից: Սա կոնցեպցիա է, որ քաղաքացին չմասնակցի ընտրություններին: Կա՞ արդյոք ավելի կարեւոր բան, քան ընտրությունների միջոցով քաղաքացու կողմից իշխանության ձեւավորումն է»: Արծվիկ Մինասյանը ճիշտ չհամարեց ընտրությունների քանակը ժողովրդավարության զարգացման պայման դիտարկելը` նշելով, թե այդ դեպքում կարելի էր ամեն տարի ընտրություններ կազմակերպել: Արձագանքելով «Մեդիա կենտրոնի» հարցադրմանը, թե հաշվի առնելով ՀՀ Ազգային Ժողովի կազմի մասնագիտական հնարավորությունները, արդյոք ռիսկային չէ Հայաստանում «փափուկ» Սահմանադրության ներդնումը, այն է` առաջարկվող նախագծի 202 հոդվածը, որով 220 հոդվածներից միայն 123-ն է փոփոխելի բացառապես հանրաքվեի միջոցով, իսկ մնացածը կարող են փոփոխվել նաեւ խորհրդարանի կողմից` Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ վերը նշված հոդվածով կարեւորագույն, հիմնասյունային դրույթները կարող են փոխվել բացառապես հանրաքվեի միջոցով: «Մյուս նորմերը, որոնք պետք է ապահովեն եւ դառնան երաշխիքը այդ նորմերի ապահովման, դրանք, այո, կարող են փոփոխության ենթարկվել նաեւ ԱԺ-ի կողմից: Այլ բան, որ դուք բարձրաձայնում եք այսօրվա Ազգայի ժողովի պատկերը հաշվի առնելով` արդյոք համահունչ է այսպիսի Ազգային ժողովին նման իրավասության վերապահումը: Ամբողջ խնդիրն այն է, որ դա պետք է դիտարկել ոչ թե այսօրվա Ազգային ժողովի համապատկերի, այլեւ այն պատկերի համար, որը պետք է ձեւավորվի, եթե այս Սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչվեն»: Մինասյանի պնդմամբ` նոր Սահմանադրությամբ պատգամավորներին առաջադրված են այնպիսի պահանջներ, որոնք կոչված են բարձրացնելու ԱԺ որակը, որպես այդպիսին նա մասնավորապես նշեց լեզվի իմացության պահանջը: Մինասյանը նաեւ կարեւորեց պատասխանատվության սահմանման հստակ մեխանիզմների ներդնումը: «Շատ են հարցնում արդյոք գործող Սահմանադրությունն է խանգարում, որպեսզի անցկացվեն ազատ արդար ընտրություններ: Այո, չի խանգարում, բայց եւ չի նպաստում, չի ապահովում համարժեք պատասխանատվությունը այն անձանց համար, եւ չի սուբյեկտավորում նրանց, ովքեր պարտավոր են այդ ամենը իրականացնել: Այսօրվա գործող սահմանադրությամբ չկա սուբյեկտավորված պատասխանատու, թե ով պետք է ապահովի ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը: Այն նորմը, թե Նախագահը Սահմանադրության երաշխավորն է, խիստ դեկլարատիվ է եւ չիրագործվող: Այս փոփոխություններով ամբողջ պատասխանատվությունը դրվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա, որի անդամները ընտրվելու են ԱԺ կողմից` ձայների 3/5-ով: Եվ այս հանձնաժողովը նաեւ ազատելու է կուսակցություններին ընտրական վարչարարությունից»: Բանավեճի ընթացքում կողմերը հիշատակեցին «Քառյակի» շրջանակներում համագործակցության կարճատեւ փորձը. «Էհ, Արծվիկ, Արծվիկ, մեզանից նեղացաք, գնացիք Սերժի գիրկը, դա էր հա, քաղաքական մոտեցումը»,- բացականչեց Արամ Մանուկյանը, ինչին Մինասյանն արձագանքեց. «Մենք գիրկ գնացող չենք, պարոն Մանուկյան, ի տարբերություն Ձեր քաղաքական թիմի»: