«Հնարավոր է վեցին չհեռանա ռեժիմը, այլ հեռանա օրեր անց» (տեսանյութ)
Դեկտեմբերի 1-ին լինել Ազատության հրապարակում: Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի անդամներն այսօր Երեւանում երթ էին անցկացնում. «Համատեղ ուժերով դուրս շպրտենք մեր երկրից հանցավոր ռեժիմին եւ նրա կազմակերպած Սահմանադրական փոփոխությունները: ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որը զավթված է մի խումբ հաստավիզ օլիգարխների կողմից»,- բարձրախոսով հայտարարում է Գեւորգ Սաֆարյանը: Սահմանադրական փոփոխությունները տապալելու նպատակով, շատ գործիչներ եւ ուժեր միավորվել են Նոր Հայաստան փրկության ճակատում: Ի դեպ, երթի մասնակիցները հանրահավաքի իրազեկման թերթիկ թողեցին նաեւ Այո-ի շտաբում: «Լրատվամիջոցներով ասում են, որ ոչ չկա, ոչը քիչ է, բոլորը այո են ասում: Ասում ենք, որ մենք գոյություն ունենք, կանք»,- ավելացնում է Վիգեն Նազարյանը: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը համոզված է. մարդկանց պասիվությունը հանրահավաքներին կամ երթերին պայմանավորված է նրանով, որ սպասում են կոնկրետ գործողությունների: «Հնարավոր է վեցին չհեռանա ռեժիմը, այլ հեռանա օրեր անց: Կարեւորը բավարար որակի ժողովուրդ հրապարակում ունենալն է, որպես ժողովրդի կամքը արտահայտող քաղաքական ուժի բեւեռ, որը ունակ է իր խաղաղ բայց հետեւողական գործողություններով ստիպել ենթարկվի ժողովրդի կամքին»: Ենթադրվում է, որ դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում հավաքվելով ազգովի ենք որոշելու ինչպես հեռացնել Սերժ Սարգսյանին եւ ինչպես կառուցել Նոր Հայաստանը: