«Մեր կառավարության անդամները միայն կռուպնի բիզնեսով են զբաղվում» (տեսանյութ)
ԱԺ-ում 2016թ. պետական բյուջեի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հարց ուղղելով Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, նշեց, որ բյուջեի եկամուտները նվազել են 8 միլիարդ դրամով, մինչդեռ կառավարության ծառայողական մեքենաների թիվը գնալով ավելանում է 2016թ բյուջեով. «Մասնավորապես նախորդ տարվա համեմատ ծառայողական մեքենաների թիվը ավելանում է 83-ով՝ դառնալով 1072, մինչդեռ Դանիայում 23 ծառայողական մեքենա է նախատեսված, երբ նրա բյուջեն կազմում է 335 միլիարդ դոլար»: Ի պատասխան Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Եթե մենք համեմատվում ենք Դանիայի հետ, ուրեմն պետք է համեմատվենք բոլոր պարամետրերով, այնտեղ ուրիշ տրանսպորտային միջոցներ են, այնտեղ պետական պաշտոնյաները ուրիշ իրողության մեջ են»: Նախարարը համաձայնեց, որ պետք է դիմել բոլոր տեսակի խնայողություններին, և որքան քիչ լինել պետական ապարատի ու պաշտոնյաների վրա ծախսերը, այնքան դրական ցուցանիշներ կլինեն: Նիկոլ Փաշինյանի հաջորդ հարցը վերաբերում էր ՀԴՄ կտրոններին, որոնք, ըստ նրա, ներմուծում է հենց Գագիկ Խաչատրյանը: «Գայթակղությամբ չեմ զբաղվում, դա շատ մանր բիզնես է»,- ժպտալով արձագանքեց նախարարը: «Փաստորեն, մեր կառավարության անդամները միայն կռուպնի բիզնեսով են զբաղվում»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը: «Գոնե մանրում մեզ մի մեղադրեք»,- ավելացրեց Գագիկ Խաչատրյանը: Նիկոլ Փաշինյանը նաեւ անդրադառնալով ծառայողական մեքենաների մասին իր հարցի պատասխանին, ասաց. «Դե երկու հազարի հասցրեք ծառայողական մեքենաները, որ ամեն մեկիդ մի չորս հատ հասնի»: «Ես ասացի, որ համաձայն եմ՝ ծառայողական մեքենաների անհրաժեշտության վերաբերյալ»,- արձագանքեց նախարարը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ աշխատավարձերին ու թոշակներին, որոնք եկող տարի չեն բարձրացվելու. «Փոխարենը, կա գնաճ: Չե՞ք կարծում, որ դա բերելու է սոցիալական լարվածության»: «Ձեր անհանգստությունը, տիկին Զոհրաբյան, ճիշտ է ստեղծված իրավիճակում: Մեր բյուջեն պահպանողական է այն իմաստով, որ սոցիալական ծրագրերը կարողանանք պահպանել: Սակայն դա նշանակում է մի ծրագրից պետք է կտրենք ու ինդեքսավորենք, քանի որ, ցավոք, այդ միջոցները չունենք: Եթե համապատասխան միջոցներ ունենանք, անպայման կանդրադառնանք այդ խնդրին»,- պատասխանեց Գագիկ Խաչատրյանը: Նաիրա Զոհրաբյանը հետարքրքվեց՝ արդյոք կառավարությունը չունի՞ այլընտրանքային ռեսուրսներ՝ իրավիճակին արձագանքելու համար: Գագիկ Խաչատրյանն արձագանքեց՝ ասելով՝ եթե արդյունավետ միջոցներ ունենան, ապա այդ հարցին կանդրադառնան»: