Հր. Թովմասյանը պատմեց իմաստունի պատմությունը. «Ամեն ինչ մեր ձեռքում է» (տեսանյութ)
«Այո-ոչ»-ի մասնակիցներն այժմ Սյունիքի մարզի Տաթև համայնքում են։ «Ճանապարհին տեսակետ լսեցի, որ արդեն հայրենի իշխանությունը գլխի է ընկել, որ մարդկանց պետք է մատուցել փաստաթուղթը, որի շուրջ պետք է խոսենք»,-իր ձեռքում պահելով սահմանադրության նախագիծն՝ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ Նա կարծում է, որ փաստաթղթի մասին խոսելիս՝ կարելի է սկսել վերջից. «Գրված է. թողարկման պատասխանատու՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզչական շտաբ։ Այսինքն, սա թռուցիկ է, որ պատրաստել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, սա սահմանադրության փաստաթուղթ չէ»,-կես կատակ, կես լուրջ ասաց նա։ Պարոն Արշակյանի համոզմամբ՝ սա միակ բացթողումը չէ. «93 էջ սահմանադրության մասին է, բայց ՀՀԿ շտաբը, մտածելով, որ մենք կկարդանք ու չենք հասկանա, ուղիղ 50 էջ էլ բացատրություն է գրել»։ «Դա ընդամենը քարոզչական շտաբ է»,-իր խոսքում նշեց Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը։ «Այս սահմանադրությամբ կառավարման համակարգի փոփոխումը թույլ կտա, որպեսզի ընտրությունների արդյունքում չլինեն բախումներ, ունենանք անկախ դատական իշխանություն և այլ կարևոր խնդիրներ կլուծվեն»,-բնակիչներին վստահեցրեց նա։ Իսկ հետո որոշեց նրանց մի պատմություն պատմել. «Մի իմաստուն է լինում, որն ամեն ինչ գուշակում է, ամեն ինչ գիտի, և որոշում են աշակերտները բռնացնել ուսուցչին, որ ասեն՝ տես, այս մի բանը չգիտես։ Ձեռքի մեջ թիթեռ բռնած՝ մոտենում են, և հարցնում, թե ի՞նչ է ձեռքի մեջ։ Աշակերտները մտածում են՝ եթե ասի՝ կյանք է, կսեղմեն թիթեռը, ցույց կտան, որ մահացած է։ Եթե ասի՝ մահ է, բաց կթողնեն, թիթեռը կթռչի։ Այս մարդը գլխի է ընկնում՝ ինչի մասին է խոսքը։ Նա ասում է՝ և մահն է ձեր ձեռքում, և կյանքն է ձեր ձեռքում, և ընդհանրապես՝ ամեն ինչ էլ ձեր ձեռքում է։ Իրականում ավելի լավ Հայաստան ունենալու հարցում ամեն ինչ էլ մեր ձեռքում է»։