«Եկող տարի շատ ավելի վատ ու բարդ ենք ապրելու». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
ԱԺ-ում 2016թ. պետական բյուջեի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, հարց ուղղելով Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, հայտարարեց, որ մեր երկիրը չի զարգանում ու դրա մեղավորը աշխարհը չէ. «2008թ. Սերժ Սարգսյանը, դառնալով ՀՀ նախագահ, խոստացավ յոթ տոկոս տնտեսական աճ, այս ինը տարում այն պետք է կազմեր 83.4 տոկոսով, սակայն հիմա ունենք ընդամենը 15.4 տոկոս: Սա կատաստրոֆա է. մեր երկիրն առաջ չի գնում: Իսկ պետական բյուջեն ինը տարում վեց տոկոսով է աճել: Դա նշանակում է՝ մեր երկիրը պետք է զիջենք ավելի մրցունակ երկրի՝ աշխարհի փորձն է այդպես: Մենք չենք աշխատում, սկսած ինձնից, լճացել ենք: Ի՞նչ ճար եք տեսնում: Չեմ գտնում, որ արժե նման ցածր տնտեսական ցուցանիշներ ունեցող բյուջեն անգամ քննարկել»: Գագիկ Խաչատրյանը նախ շնորհակալություն հայտնեց Հրանտ Բագրատյանից, քանի որ նա միակ պատգամավորն է եղել, որ նախարարությանը շատ ծանր վիճակում է դրել՝ ներկայացնելով 49 հարցադրում. «Դրա համար առաձին քննարկում կունենանք: Ոչ մի երկրում տնտեսական կանխատեսումները տարեվերջին մոտ չեն լինում, ՀՀ-ն եւս բացառություն չէ: Առաջին շահագրգիռ կողմը նախարարությունն է, որ ունենանք տնտեսական աճ: Կառավարությունը պետք է շատ լուրջ տնտեսական գործունեություն վարի ՀՆԱ-ի աճի համար, իսկ գործարար միջավայրի աշխուժացման համար լուրջ քայլեր ենք անում: Մեր տարածաշրջանային երկրներից որեւէ մեկը տնտեսական աճի կոնկրետ սցենար չունի: ՌԴ-ն երեք սցենար ունի»: Հրանտ Բագրատյանն, արդեն ավելի մեղմ արձագանքելով, համաձայնեց Գագիկ Խաչատրյանի հետ, որ համաշխարհային տնտեսությունը վատ վիճակում է. «Ես չգիտեմ՝ ինչ պետք է անել ՀՀ տնտեսության համար, սակայն գիտեմ՝ ինչ չպետք է անել, գոնե դա երեւում է: Եկող տարի շատ ավելի վատ ու բարդ ենք ապրելու քաղաքական ու տնտեսական առումներով. իրավիճակն ավելի անկանխատեսելի է լինելու»: Գագիկ Խաչատրյանը եւս մեկ անգամ համաձայնվեց նրա հետ: