Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եզդիները սպասում են նոր արհավիրքների. «Եզդի ժողովուրդը վերանում է» (տեսանյութ)

Քաղաքականություն
Shangal-nkar

Մեկ տարուց ավելի իսլամիստների տիրապետության տակ գտնվող եզդիաբնակ Շանգալ նահանգն ազատագրվեց, սակայն եզդիները դեռ հանգիստ չեն։ «Սպասում ենք նոր արհավիրքների, քանի որ մտավախություն կա, որ իսլամիստները կարող են նորից հարձակվել։ Արդեն 74-րդ կոտորածն է, եզդի ժողովուրդը վերանում է»,-այսօր ահազանգեց եզդիների հոգևոր առաջնորդ, շեյխ Հասան Հասանյանը։ Վերջին օրերին Իրաքից եզդիական երեք ընտանիք է տեղափոխվել Հայաստան։ «Բայց պետության կողմից որևէ աջակցություն չի տրվում։ Հայաստանի և աշխարհի այլ երկրների եզդիական համայնքներն են օգնում»։ Պարոն Հասանյանը շեշտում է, որ միջազգային հանրությունը տարբերակված մոտեցում է ցուցաբերում եզդիների և այլ ժողովուրդների հարցում։ «Երբ Ֆրանսիայում արհավիրք եղավ, 100 հոգի զոհվեց, բոլոր առաջատար երկրները կանգնեցին նրանց կողքին, իսկ երբ հազարավոր եզդիներ էին կոտորվում, երեխաների գլուխներն էին կտրում, մեկը չասաց, թե կօգնի։ Գոնե ասեին՝ եզդի ժողովուրդ, ցավակցում ենք ձեզ»,-նկատեց պարոն Հասանյանը։ Եզդիական համայնքի ներկայացուցիչը վտանգ տեսնում է ոչ միայն իսլամիստներից, այլև քրդերից։ «Հիմիկվա քրդերը բոլորը ծագումով եզդիներ են, պարզապես ժամանակին կրոնափոխ են եղել։ Բայց նրանք չեն սատարում եզդիներին։ Մենք 82 մլն ժողովուրդ ենք եղել, հիմա մնացել ենք 1,5 մլն»,-նշեց պարոն Հասանյանը։ Եզդիական տարածքները, նրա խոսքով՝ բավականին մեծ են։ «Մեր Լալիշ և Շանգալ նահանգները միասին Հայաստանից 2,5 անգամ մեծ են։ Միայն Շանգալը Հայաստանի տարածքի մոտ 70 տոկոսի չափով կլինի»։ «Երիտասարդ եզդիների ասոցիացիա»-ի նախագահ Սաիդ Ավդալյանն իր հերթին նշեց. «Մենք պետք է Շանգալ նահանգի ինքնավարության ճանաչման գործընթաց սկսենք։ Դրանով հնարավորություն կտրվի պահպանել մեր պատմական տարածքները»։