«Փարիզյան դեպքերից հետո եվրոպական երկրների համախմբում դասական առումով տեղի չի ունենա» (տեսանյութ)
Իսլամական պետության կողմից Փարիզում ահաբեկչության իրականացումն ամենեւին էլ զարմանալի չէր. «Ընդհանուր առմամբ պատճառներից մեկը եղել է Ֆրանսիայի ներգրավվածությունը Սիրիայի պատերազմում, հետեւաբար Իսլամական պետությանը ոչինչ չէր մնում, քան ավելի խոցելի տարածքներում իրականացնել գործողություններ, որոնք նախ տպավորիչ կլինեին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքերով՝ սա միայն Ֆրանսիային նետված ձեռնոց չէ, սա ընդհանուր առմամբ Իսլամական պետությանը պատերազմ հայտարարողների դեմ էր: Քաղաքագետին ապշեցրել է Ֆրանսիական հատուկ ծառայությունների անպատրաստ լինելը: «Ի վերջո տարբեր վայրերում տեռորիստական ակտ է կազմակերպվել, եւ հետեւանքները ցույց են տալիս, որ Ֆրանսիան իր անվտանգության համակարգի հետ լուրջ խնդիրներ ունի»: Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի խոսքերով էլ փարիզյան դեպքերից հետո եվրոպական երկրների համախմբում դասական առումով տեղի չի ունենա, որովհետեւ արդյունքում շահերի առումով ոչինչ չի փոխվում: Միակ ընդհանուր շահը, ըստ նրա, եղել է եւ շարունակում է մնալ ահաբեկչության դեմ պայքարը: «Կլինի որոշակի դիրքերի մերձեցում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, կան գեոպոլիտիկ լուրջ շահեր եւ այլն եւ այլն: Գործողությունների համախմբում դժվարանում եմ ասել: Այսօր արդեն 20 հարված հասցվել է ֆրանսիական օդուժի կողմից, բայց որեւէ խոսք չկա ցամաքային օպերացիայի մասին: Իսկ եթե օդից է գործել եւ գործելու ֆրանսիական ռազմական մեքենան, կարծում եմ խոսք կգնա միայն մի դեպքում՝ օդուժերը կհարմարացնեն իրենց միջանցքները, թռիչքների ցուցակները: Մեծ համագործակցության ռեակցիայի մասին այս պահին դժվար է խոսելը, որովհետեւ բավական փխրուն է իրավիճակը այդ առումով»,- նշում է Հայկ Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ միակ գործողությունը, որը կարող է ռեալ, կարդինալ փոփոխություն կատարել գետնի վրա, ցամաքային ռազմական օպերացիան կլինի: