«ՀԱԿ-ը ցանկանում է դառնալ «Ոչ»-ի Գյուլչիտայը». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, անրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի մեղադրանքներին, որ ՀՀ համայնքների դպրոցներում «Այո»-ի քարոզարշավ է, հայտարարեց. «Անգամ մեծ ցանկության դեպքում ԿԳՆ-ն չունի այնպիսի հնարավորություն, որ կիրառի վարչական լիազորություն՝ հանձնարարություն տալով ՀՀ բոլոր դպրոցներին: Թողնենք նրա անտեղյակությունը ԿԳ ոլորտի վերաբերյալ: Նա անգամ տարրական տեղեկություն չունի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին. կա անմեղության կանխավարկած. ինձ մեղադրելու համար նա հիմնավոր ապացույց պետք է ներկայացնի: Նա չի էլ կարող ներկայացնել, քանի որ նման բան գոյություն չունի»: Պարոն Աշոտյանը նշեց՝ շոյված է, որ իր համեստ գործունեությունը քաղաքական առումով ՀԱԿ-ը բարձր է գնահատում. «Սակայն կոչ եմ անում չֆետիշացնել ինձ ու չսեւեռվել հատկապես ինձ վրա, քանի որ ՀՀԿ-ն ունի հինգ փոխնախագահ: Եթե ՀԱԿ-ը իր ամբողջ ռեսուրսով քննադատում է ինձ, բա մյուս չորսով ո՞վ է զբաղվելու: Քաղաքական հաշվարկը սխալ է արված, սակայն հասկանում եմ՝ ինչումն է խնդիրը: ՀԱԿ-ը ցանկանում է դառնալ «Ոչ»-ի Գյուլչիտայը»: