«Իմ կենսագրության մեջ մի տեղավորվեք. անտեղ ձեզ համար հարմար անկյուն չկա» (տեսանյութ)
ԱԺ-ն այսօր մերժեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եւ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի նախագծերը, որոնք համապատասխանաբար վերաբերում էին վարչական իրավախախտումներին: Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իր մոտ այնպիսի տպավորություն է, որ ԱԺ-ն քննարկում ու ընդունում է միայն կառավարության նախագծերը. «Պատգամավորների սոլիդարություն չկա. մեր նախագծերը չեն քննարկվում, չեն ընդունվում»: Իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կոչ արեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ չվարկաբեկել «Ոչ»-ի քարոզարշավը եւ հանգիստ թողնել ՀՀՇ կենսագրությունը. «Ու գրագիտության դասեր մի տվեք մեզ, ուզո՞ւմ եք երկու ժամ ես դասախոսություն կարդամ՝ ձեր ներկայացրած Սահմանադրության անընդունելի դրույթների մասին: Ձեր «Այո»-ն գովազդեք՝ օրենքները նորմալ պահպանելով: Ուզո՞ւմ եք վարկաբեկել «Ոչ»-ը, մոռացեք մեր կենսագրությունը. կարծես թե ձեր կենսագրությունն էլ սկսվում է 1998թ.»: «Իմ կենսագրության մեջ մի տեղավորվեք. այնտեղ ձեզ համար հարմար անկյուն չկա: «Ոչ»-ին ընդհանրապես ուշադրություն չէի դարձնում, սակայն ձեր խոսքից հետո կդարձնեմ: Մի վիրավորվեք անտեղի տեղը: Մի համեմատվեք որեւէ մեկի գործունեության հետ, առավելեւս դուք»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ԱԺ-ն սկսեց քննարկել 2016թ. պետական բյուջեի նախագիծը: Այն շուրջ 90 րոպե պետք է ներկայացնի Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: