Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միգուցե պատվիրակություն պետք չէ ուղարկել, այլ խավիար ուղարկենք ԵԽԽՎ» (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում վարման կարգով խոսեց ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովում ընդունված հակահայկական զեկույցի մասին, որով կոչ էր արվում ԼՂ հակամարտության հարցը հանել Մինսկի խմբի բանակցային գործընթացից, ինչպես նաեւ՝ ԼՂ տարածքից հանել հայկական զորքերը: Նիկոլ Փաշինյանը այն որակեց խայտառակ զեկույց. «Հետաքրքիր է՝ արդյոք ԱԺ նախագահը հրավիրե՞լ է իր մոտ հայկական պատվիրակության ներկայացուցիչներին ու փորձել տեղեկություն ստանալ՝ ինչ է այնտեղ կատարվել: ԱԺ-ն պետք է ունենա ամբողջական պատասխաններ»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ ինքը տեղեկացված է՝ ինչ է այնտեղ իրականում տեղի ունեցել. «Եկեք մեղավորներ չփնտրենք, ես դրական եմ համարում մեր պատվիրակության գործունեությունը: ԵԽԽՎ հունվարին կայանալիք նիստին ավելի գործուն մասնակցություն կունենանք: Պատվիրակությունը միայնակ չէր կարող անել որեւէ բան: Այս պահին ոչ թե ԵԽԽՎ պատվիրակության հետ գործ ունենք, այլ Ադրբեջանի: Որեւէ պաշտպանողական կամ վարկաբեկող խոսքեր չեմ ուզում ասել: Միահամուռ բոլորս պետք է պայքարենք այդ ուղղությամբ: Վատ եմ զգում, որ նման արդյունք է եղել, սակայն մենք պետք է էլ ավելի ջանադիր լինենք»: Նիկոլ Փաշինյանը եւս հայտարարեց, որ սխալ է՝ վհուկների որս անել. «Սակայն ԱԺ-ն հստակ պատասխաններ պետք է ստանա՝ որքանո՞վ է պատվիրակությունն արդյունավետ աշխատել ու անդամներից յուրաքանչյուրն՝ առանձին-առանձին: ԱԳՆ-ն որքանո՞վ է համագործակցել այս հարցում: Վտանգավոր բանն այն է, որ արտաքին քաղաքական ձախողումները մենք միշտ կապում ենք Ադրբեջանի խավիարային դիվանագիտության հետ: Այս մեկնաբանությունից զերծ չեն բազմաթիվ գործիչներ: Եթե խավիարն այդքան զորեղ բան է, եկեք մտածենք՝ միգուցե պատվիրակություն պետք չէ ուղարկել, այլ խավիար դնենք, ուղարկենք ԵԽԽՎ»: «Խավիարը չի կարելի որդեգրել՝ որպես հաղթանակի միջոց, առանց այն էլ մենք չենք կարողանում օգտվել այդ խավիարից»,- Հայտարարեց Գալուստ Սահակյանը: Բանավեճին միջամտեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որը նաեւ ԵԽԽՎ պատվիրակության նախագահն է, նշեց, որ իրենք աշխատում են թափանցիկ, հաշվետվություն են ներկայացնում իրենց գործունեության մասին. «Մենք աշխատում ենք ինչպես ԱԳՆ, այնպես էլ Սփյուռքի կառույցների հետ»: Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն իր կողմից հայտարարեց, որ ճիշտ կլինի, եթե ԱԺ-ն հանդես գա համապատասխան հայտարարությամբ՝ մինչեւ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը: Գալուստ Սահակյանը նշեց, որ այդ հարցը քննարկվել է ու բավականին լուրջ ռազմավարություն են այս պահին մշակում. «Նաեւ ուրիշ գործիքներ կօգտագործենք, եւ միասին ի մի կբերենք հայտարարության տեքստը»: