Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բառարանից «այո» բառը հանե՞նք, թողնենք միայն «ոչ»-ը» (տեսանյութ)

Քաղաքականություն
galust-sahakyan

ԱԺ-ում այսօր նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարց ուղղելով՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ սահմանադրական հանրաքվեի շրջանակներում բազմաթիվ համայնքներում դպրոցների ուսուցիչների ու ծնողների շրջանում ՀՀԿ-ականները քարոզում են՝ ասել «Այո». «Քանի որ դուք հայտարարել եք, որ կարեւորում եք հանրաքվեի լեգիտիմությունը, չե՞ք կարծում, որ ԿԳՆ-ից ԱԺ անունից պետք է բացատրություններ պահանջեք: Սա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման երկրորդ դեպքն է, մանավանդ երբ Հանրային հեռուստատեսության եթերում նա վարում է մի հաղորդում, որը խախտում է լրատվության անկողմնակալության սկզբունքը»: Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը նշեց՝ քանի որ խոստացել է չանջատել նրա խոսափողը, չի անջատի. «Սակայն դուք ըստ էության չեք խոսում: Ուզում եմ հիշեցնել, որ ձեր իշխանության տարիներին նման բաներ եղել են, սակայն ուզում եմ ասել, որ պետք է ստուգենք՝ եթե նման դեպքեր եղել են, ուրեմն պետք է լրջորեն քննարկենք»: Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ խնդիրը միայն Արմեն Աշոտյանը չէ, այլեւ դա կապված է դպրոցների ուսուցիչների հետ. «Քրեական պատասխանատվություն է նախատեսված, եթե կա նման խոչընդոտ ընտրական գործունեության համար: Արմեն Աշոտյանը դրդում է հանցագործությունների: Մեր իշխանության տարիների հանցագործությունների համար պատասխանատվություն եք կրում նաեւ դուք»: «Գիտեմ հումորն ու սատիրան ինչ են ու ինչ ազդեցություն կունենա: Չեմ պատրաստվում Արմեն Աշոտյանի փոխարեն պատասխանել: Դուք չեք ուզում մասնակցեն ոչ ուսուցիչները, ոչ պաշտոնյաները, միայն դո՞ւք պետք է մասնակցություն ունենաք: Դա պրովոկացիոն հայտարարություն է: Դեռեւս ընտրության օրը չէ, ի՞նչը պետք է ուսուցիչները խախտեն. թե՞ բառարանից «այո» բառը հանենք, թողնենք միայն «ոչ»-ը»: