Ցավակցական հեռագրեր՝ ԱԺ նախագահից և վարչապետից
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Մանյուել Վալսին, որում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Փարիզում տեղի ունեցած ողբերգական դեպքերի առիթով, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր խլեցին: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և վերահաստատում մեր հանձնառությունը՝ հետևողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ: Այժմ առավել քան երբևէ ուժերը համախմբելու և միասնական ջանքերով ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելու անհրաժեշտություն կա: Վշտի ու կորստի այս ծանր պահին Հայաստանը և հայ ժողովուրդը Ֆրանսիայի և նրա բարեկամ ժողովրդի կողքին են: Համբերություն եմ մաղթում զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնին եւ Սենատի նախագահ Ժերար Լարշեին ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր վշտով տեղեկացա Փարիզում եւ Սեն Դընիում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողությունների մասին, որոնք բազմաթիվ անմեղ զոհերի եւ վիրավորների պատճառ դարձան: Խստորեն դատապարտելով տմարդի ահաբեկչական գործողությունները եւ մերժելով ահաբեկչության ցանկացած դրսեւորում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին եւ մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»: