«Այո ասենք, թե՝ ոչ, մեկ է, դոփելու ենք տեղում». քաջարանցիները չեն հավատում (տեսանյութ)
«Այո եւ ոչ» քարոզողների հարավային թեւի առաջին կանգառը այսօր Սյունիքի մարզի Քաջարան քաղաքն էր: Մինչեւ քարոզարշավի սկսելը այստեղ մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ գիշեր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերին: «Այո» քարոզող Հրայր Թովմասյանը քաջարանցիներին հայտնեց, որ գործող սահմանադրությունը կոնֆլիկտագեն է. «Հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ, իրական դեբատներ չեն լինում, ընդդիմությունը չի կարողանում արտահայտվել ու մասնակցել երկրի կառավարմանը,փոխելով սահմանադրությունը ամեն ինչ կփոխվի»: ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը համամիտ չէ այս դիտարկումների հետ, ըստ նրա Հայաստանին միայն նախագահական կառավարման համակարգ է պետք. «Մեր պետության պատմությունն ասում է, երբ մենք նախագահ չենք ունեցել, պարտվել ենք: Ասում եք կլինի դեմոկրատիա, բա որ էդ պառլամենտը մի հատ թայֆա լինի, կոլեկտիվ չաշխատի, ի՞նչ է լինելու, ուղղակի պիտի արդար ընտրված նախագահ լինի ու ինքը ամեն ինչ պիտի որոշի: Ի՞նչն էր ձեզ խանգարում էսքան ժամանակ լավ աշխատել եւ հետո ո՞վ է տեսել պատերազմող երկիրը դառնա պառլամենտական»: Երբ նրա խոսքին միջամտեց ՀՀԿ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, նրանք սկսեցին բանավիճել: Հավաքված քաջարանցիները տեղից բղավեցին. «Ի՞նչ եք կռիվ անում, մեզ ասեք ի՞նչն է լավ, ի՞նչն է վատ, սպասեք մենք հարցեր տանք էլի, էս ԱԺ-ն չի, կարո՞ղ է մենք գնանք դուք կռվեք»: «Հիմա հին Սահմանադրությունը վա՞տ էր, դրա՞ համար ենք սենց վատ ապրում, հիմա որ փոխենք, լավանալո՞ւ է ամեն ինչ»,- հարցրեց բնակիչներից մեկը: «Մարդկանց պիտի տերմինակոխ չանենք, պիտի նորմալ բացատրաենք: Անցած անգամ էլ սում էին՝ Սահմանադրական փոփոխությունները լինեն, ամեն ինչ լավ է լինելու: Հիմա ասե՛ք, ինչի՞ անցած անգամ չարեցիք ձեր ասածները»,- ասում է «ՈՉ» քարոզող Թամարա Գեւորգյանն ու հավելում. «Թյուրիմացության մեջ չընկնեք ժողովուրդ, ցանկացած կառավարման համակարգով կարող ենք ունենալ ժողովրդավար երկիր, հարցը մեխանիզմներն են եւ այն մարդիկ, որոնք կառավարելու են»: Հրանտ Բագրատյանը հավելեց, որ ՀՀԿ-ն Սահմանադրությունը փոխում է, քանի որ վախենում է 2018 թվականին չվերընտրվի: Քաջարանցիները ելույթներից հետո արձագանքեցին. «Մենք ոչ մեկին չենք հավատում, այո ասենք, թե՝ ոչ, մեկ է, դոփելու ենք տեղում»: Ի դեպ, Քաջարանում երկար ժամանակ քաոսային իրավիճակ էր, մարդիկ իրար չէին լսում, բոլորը բարձր բղավում էին: