Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«էդ ո՞նց է բարիացան մի օրում, ուզում են փոխե՞ն, չենք հավատում». ապարանցիներ (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-9

«Այո եւ Ոչ» ռեալիթի շոուի 2-րդ օրվա առաջին կանգառը Արագածոտնի մարզի Ապարան քաղաքն է: Այստեղ հավաքված մարդիկ քաղաքական ու հասարակական գործիչներին հորդորեցին իրենց միանգամից բացատրել, թե ինչու նրանք պետք է սահմանադրական փոփոխություններին ասեն այո կամ ոչ: «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ, «Ոչ» քարոզող Արմեն Մկրտչյանը հավաքվածներին նախ հիշեցրեց՝ անբերանպաստ վիճակը, որ ստեղծվել է Հայաստանում՝ իշխանության պատճառով է. «Բիզնեսմենները այլեւս չեն ուզում այստեղ գործ դնել, եղածներն էլ հեռանում են: Ապարանում բազմաթիվ  գործարաններ կային, բայց հիմա չեն աշխատում, կամ 2000 աշխատատեղ ունեցողում՝ 50 հոգի են աշխատում: Մի հատ «այո» քարոզողներին հարցրեք՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ նոր սահմանադրությամբ էլ վիճակը կլավանա»: Նա նաեւ տեղեկացրեց, որ նոր սահմանադրությամբ գրված է՝  օպերատիվ միջոցների ժամանակ կարելի է մարդուն զրկել ապրելու իրավունքից. «Այսինքն մարտի մեկին եղածը թղթով օրինականացնում են»,-ասում է Արմեն Մկրտչյանը, ինչին ի պատասխան Մարգարիտ Եսայանը արձագանքում է. «Սխալ եք ասում, չափազանցնում եք» Հավաքված ապարանցիները պահանջում են.  ավելի կոնկրետ ասեք՝ ի՞նչ կտա ոչը. «Չեմ ասում, որ հրաշքներ կանի, բայց  էն կտա, որ Սերժ Սարգսյանը  այլեւս չի վերընտրվի»: «Այո» քարոզող, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը Ապարանում հայտարարեց,  թե ոչ ոք չի ասում, որ սոցիալական վիճակը լավ է, հենց դրա համար էլ փոփոխություններ ենք անում, որ կառավարման համակարգը փոխվի ու ամեն ինչ շտկվի. «Նոր սահամանդրությամբ մենաշնորհները բացառված են, չի լինելու էլ: Դատավորները նույնպես անկախ կլինեն: Բայց հիմնական մեխն այն է, որ վարչապետը հաշվետու է լինելու ԱԺ-ին, իսկ ԱԺ-ին ընտրելու եք դուք»: Դաշնակցության ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանը ապարանցիներին համոզում էր, որ Հայաստանի այսօրվա սոցիալական վիճակը ձեռք չի տալիս անգամ օլիգարխներին. «Հիմա որ ժողովուրդը արտագաղթում է, էդ օլիգարխներին էլ  ձեռք չի տալիս, իրանց բիզնեսները չեն աշխատում: Եկել է մի պահ, երբ բոլորն են ուզում փոփոխություն: Հիմա որ դուք գնաք ասեք «ՈՉ», իշխանությունը հնարավորություն կունենա վաղը մյուս օրն ասել, մենք ուզում էինք փոխել, դուք չուզեցիք, դե գնացեք ինչ ուզում եք արեք, ըսենց ապրեք»: Ապարանցիները արձագանքեցին. «էտ ո՞նց է բարիացան մի օրում, ուզում են փոխե՞ն, չենք հավատում»: Քաղաքացիներից մեկն էլ տեսախցիկների առաջ հայտարարեց. «Ես «ոչ» եմ ասում, որովհետեւ հերթական վերարտադրության համար է, ոչ մի երաշխիք չկա, որ արտագաղթը կվերանա, կնստեն, մարդկանց էլի կչփխեն, հետո կասեն չստացվեց»: