Հանրապետականի կեղծիքների բազան եւ կամքը լինելու է աննախադեպ. Լ. Զուրաբյան (տեսանյութ)
Հանրաքվեի կեղծիքների ծանրության կենտրոնը լինելու է ամբողջ Սյունիքի մարզը եւ Երեւանը,-ասում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը. <<Դա է պատճառը, որ Սուրիկ Խաչատրյանին, հայտնի տխրահռչակ Լիսկային դարձրել է Սերժ Սարգսյանի աչքում անգնահատելի մի անձնավորություն>>: Լեւոն Զուրաբյանն արդեն տեղեկություններ ունի սպասվող կեղծիքների բնույթի մասին՝ կրկնակի քվեարկություն, բանակի հրահանգավորված քվեարկություն, տեղամասային հանձնաժողովի ընդդիմադիր անդամների կաշառում կամ ահաբեկում. <<Բազմակի քվեարկություն կկազմակերպվի Երեւանի տեղամասերում, որովհետեւ մեծ Երեւանում շատ դժվար է ճանաչել տեղամասերում այն մարդկանց, որոնք տեղամասից տեղամաս են գնալու քվեարկության նպատակով>>: Հայ Ազգային Կոնգրեսն արդեն 1751 տեղամասերում նշանակել է հանձնաժողովի իր անդամներին, բոլորն էլ ստուգված ու վստահելի մարդիկ, աշխատել են նաեւ այն ուղղությամբ, որ տվյալ տարածքի բնակիչը իր տարածքի հանձնաժողովի անդամ չլինի. <<Օրենքը հնարավորություն տալիս է փոխատեղել>>,- ասում է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Չծածկված 46 տեղամասերում կաշխատեն ՀԱԿ-ի եւ հասարակական սեկտորի դիտորդները: Պարոն Զուրաբյանը կասկածներ ունի, որ Հանրապետականի կեղծիքների բազան եւ կամքը լինելու է աննախադեպ. <<Ամենամեծ հաղթաթուղթը իշխանությունների համար դա ժողովրդի հուսահատությունն է, որի վրա, ի դեպ, փորձում են եւ իշխանությունները խաղալ եւ ինչ-որ անհասկանալի կեղծ ընդդիմադիր ուժեր՝ ժողովրդին փորձելով հետ պահել ակտիվ դիրքորոշումից>>: Սակայն ի՞նչ է պատասխանելու «Ոչ» քվեարկած ժողովրդին իրական ընդդիմությունը, եթե դեկտեմբերի 7-ի առավոտյան տեսավ, որ իր քվեն դարձել է միլիոնանոց «Այո». <<Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, եկեք առաջ չընկնենք>>: Ընդդիմությունն ասում է, որ ինքը հսկայական ռեսուրս ունի՝ առաջին անգամ ժողովուրդը միասնական է, նա ասում է «Ոչ», եւ քաղաքական ուժերի տարանջատվածությունն անգամ չի խանգարի այդ «Ոչ»-ին. <<Իշխանությունը շատ լավ գիտի, որ ինքը պարտված է>>: Ի դեպ, հանձնաժողովներում Դաշնակցության եւ ԲՀԿ-ի հետ համագործակցությունը պարոն Զուրաբյանը բացառում է, իսկ ՕԵԿ-ի հետ համագործակցելու համար դեռ պետք է համոզվեն, որ այնտեղ անկեղծություն կա: