«Երեքը ոչ Աստվածաշնչյան, ոչ էլ նախախնամային թիվ է»
ԱԺ արտահերթ նիստում համայնքների խոշորացման նախագծի քննարկմանը հիմնական զեկուցող ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ գոհ է քննարկումներից՝ ավելի բովանդակային շեշտադրումներ եղան, քան թեման այլ ուղղությամբ գնաց. «Ելույթներից ընդհանրական կարծիքն այն էր, որ բոլորը համաձայն են խոշորացմանը, սակայն ամեն մեկի ելույթում կար մի բայց»: Նա հիմնականում անդրադարձավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթին՝ ասելով, որ վերջինիս կողմից միայն դեկտեմբերի վեցի քարոզչություն եղավ. «Հանրաքվեի արդյունքները հրապարակային են եղել հանրաքվեից հետո: Ինչպես նաեւ՝ երեկ եւս բարձրաձայնել եմ: Ես ընդամենը կոչ կանեմ մեր գործընկերոջը՝ պետք չէ էպիզոդիկ մասնակցել ԱԺ նիստերին»: Ըստ Վաչե Տերտերյանի՝ համայնքների խոշորացումն այլընտրանք չունի եւ ընտրված երեք մարզերի թիվը պատահական չէ. «Այս երեքը ոչ Աստվածաշնչյան, ոչ էլ նախախնամային թիվ է, երեք մարզերի համայնքները տիպական են հատկապես զբոսաշրջային առումով: Նաեւ կոչ եմ անում մեր հարգելի պատգամավորներին՝ գնահատականներ տալուց լինել կոռեկտ, ինչպես նաեւ՝ համայնքները գնալուց մեզ եւս ասեն՝ միասին գնանք եւ ամեն մեկս ներկայացնենք մեր մոտեցումները»: Իր ելույթի վերջում Վաչե Տերտերյանը ցանկացավ հրապարակել մայիսի 17-ի հանրաքվեների արդյունքները, սակայն նրան կանխեց ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը. «Պետք չէ, պարոն Տերտերյան, ով պահանջում էր արդյունքների հրապարակում (նկատի ունի Լեւոն Զուրաբյանին-խմբ.), գնացել է, դահլիճում չէ: Սա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ մարդկանց նպատակը ընդամենը աղմուկ բարձրաձայնելն է: Այդ թվերը վաղը կուղարկեք բոլոր խմբակցություններին»: Ի դեպ, դահլիճում ներկա է ընդամենը 12 պատգամավոր: