Քննարկվե՞լ է արդյոք ԼՂ տարածքների հանձնման հարցը (տեսանյութ)
Արդյոք ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ քննարկվե՞լ է Լեռնային Ղարաբաղի տարածքների հանձնման հարցը: «Բնական է, որ Լավրովի այցի ժամանակ չէր կարող շրջանցվել Լեռնային Ղարաբաղի հարցը՝ խաղաղ կարգավորման շրջանակներում, հաշվի առնելով, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է»,- կառավարության նիստից լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը: Լրագրողների ճշտող հարցին՝ արդյոք քննարկում եղե՞լ է Ղարաբաղի ազատագրված տարածքների հանձնման մասին, փոխնախարարը կարճ պատասխան տվեց: «Ես հանդիպմանը չեմ մասնակցել, տեղեկություններ չունեմ»: Փոխնախարար Կարեն Նազարյանի խոսքերով՝ ամենատարբեր առիթներով խոսվել է, որ առհասարակ գոյություն ունի Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկներ: «Խոսքը վերաբերում է համապարփակ կարգավորմանը եւ այստեղ առանձնացնել, ինչ-որ էլեմենտների մասին առանձին խոսել, քննարկել, դա անընդունելի է ոչ միայն մեզ համար, այլ նաեւ համանախագահների»,- եզրափակեց Արտաքին գործերի փոխնախարարը: