Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1,5 տարում փակվել է 18000 ՓՄՁ. արտոնությունները հասանելի չեն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
vachar

Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում փակվել է 18000 փոքր ու միջին ձեռնարկություն: Անկումը վերաբերում է առաջին հերթին առևտրային բիզնեսին, ինչն ունի մի քանի պատճառ: «Աղքատության բարձր մակարդակ է տիրում արդեն հանրապետությունում, միջին ցուցանիշը 50 տոկոսից ավել է, նվազել է քաղաքացիների թվաքանակը և եթե բնակչությունը նվազել է, ուրեմն՝ գնորդները քիչ են, երրորդ պատճառը պայմանավորված է Ռուսաստանում տիրող իրավիճակով»,- ասում է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Փոքր ու միջին ձեռնարկությունները փակվում են, քանի որ Հայաստանում քաղաքական իշխանությունն ու բիզնեսը սերտաճած են, ինչն էլ հանգեցնում է տնտեսական ոլորտում մոնոպոլիաների ու հովանավորչության: ՓՄՁ աջակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը նշում է. «Ոլորտներ կան, որտեղ ուղղակի բիզնեսը չի կարող մուտք գործել, ու կան ոլորտներ, որտեղ բիզնեսը փորձում է մուտք գործել, հետաքրքիր գաղափարներ է առաջարկում, բայց քանի որ տվյալ ոլորտում արտոնյալ հարկ վճարողներ կան, դա խանգարում է նաև մրցակցությանը»: Ըստ Հակոբ Ավագյանի՝ Հայաստանի տնտեսության խնդիրը ոչ թե վատ օրենքներ ունենալն է, այլ դրանք գործնականում չկիրառելը: «Նույնիսկ այն բարեփոխումներն ու արտոնությունները, որ տրված են փոքր բիզնեսին, իրեն հասու չեն»: Հայաստանի տնտեսությունում ստվերը կազմում է մոտ մեկ միլիարդ դոլար, որում Փոքր ու միջին ձեռնարկությունների չափաբաժինը չնչին է: Պետությունը պետք է մտածի ստվերը կրճատելու մասին, սակայն ո՛չ ի հաշիվ փոքր բիզնեսի: «Առայժմ այդ միկրոբիզնեսին ձեռք չտալ, թողնել, որ իրենք ուղղակի գոյատևեն, որովհետև երկրում կա սուր աղքատության և գործազրկության պրոբլեմ, կարիք կա՞ կպնել մի խավի, որը իր գլուխը պահում է, ավելորդ հոգսեր չի առաջացնում»,- նշում է Գագիկ Մակարյանը: Հայաստանի տնտեսության ծանր վիճակի, առկա մոնոպոլիաների ու կոռուպցիայի մասին նոյեմբերի 10-ին խոսեց նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Դրանց գոյությունն ուղղակի հարված է ողջ Հայաստանի տնտեսությանը: «Երբ բիզնեսի ոլորտում մրցակցությունն արդարացի չէ և չի հիմնվում օբյեկտիվ կոմերցիոն չափանիշների վրա, երբ կան հզոր շահեր, որոնք անհամաչափ տնտեսական և քաղաքական հետևանքների են հանգեցնում, ապա դա սահմանափակում է տնտեսական աճը»,- հայտարարեց դեսպանը: Մասնագետները համոզված են՝ որպեսզի կանգ առնի փոքր ու միջին ձեռնարկությունների փակման գործընթացը, կառավարությունը պետք է փոփոխությունները նախաձեռնի հենց իրենից: