Ժիրայր Սեֆիլյանը հարցաքննության ժամանակ լուռ է մնացել
Ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանն այսօր մեկ ժամից ավելի անցկացրել է Քննչական կոմիտեում՝ հարցաքննության համար: «Իբրեւ թե հարցաքննություն տեղի ունեցավ, հարցերը անհեթեթ հարցեր էին, դա վերաբերում էր մեր կողմից ստեղծված «Առանցք» ՀԿ-ի գործունեությանը, ֆինանսատնտեսական հարցերին»,- «Ա1+»-ին ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Սակայն որեւէ հարցի նա չի պատասխանել՝ օգտվելով մեղադրյալի իր իրավունքից: «Վերջում հայտարարել եմ, որ փետրվարի 18-ից մեր նկատմամբ հարուցված գործը քաղաքական պատվեր է եւ ըստ էության անհեթեթ: Այն հանգամանքը, որ մինչ օրս գործը չի կարճվել, դա նույնպես համարվում է քաղաքական պատվեր եւ քաղաքական հալածանք՝ ուղիղ կապ ունենալով այսօրվա իմ եւ մեր քաղաքական գործունեության հետ»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Ընդդիմադիր միասնական շտաբի պետը նշում է, որ հերթական անգամ փորձել են վախեցնել իրենց եւ ժողովրդին: «Մինչեւ դեկտեմբերի 1-ը նրանք պետք է զբաղվեն հնարավորինս ակտիվ, հոգեբանորեն ազդելու ժողովրդի եւ մեր շրջապատի վրա: Մեզ էլ փորձում են սպառնալ, որ տակավին մեղադրյալի կարգավիճակում ենք, նրանք կարող են որեւէ ժամանակ մեզ նորից ազատազրկել: Մենք էլ խիստ վախեցած ենք»,- ժպտալով ասում է Ժիրայր Սեֆիլյանը: Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանի 5 անդամները մեղադրվում են ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստման փորձի մեջ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը: