«Շատ ընկերություններ փակվում են հարկային պրեսինգների պատճառով»
«Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ հաշվի առնելով հայաստանյան խաղի կանոնները՝ որքան նվազում է մարդկային գործոնը հարկային վարչարարությունում, այնքան նվազում են կոռուպցիոն ռիսկերը: Ապա հարց ուղղելով Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանին՝ նշեց. «Ահասարսուռ տեղեկություններ են հրապարակվում, որ ՀՀ-ում փակվել են հազարավոր փոքր ձեռնարկություններ: Կարծում եմ՝ դուք պետք է ունենաք հստակ վիճակագրություն՝ մոտ մեկ տարվա մեջ որքա՞ն ձեռնարկություն է փակվել: ՓՄՁ-ները մեր տնտեսական ողնաշարն են, նրանց փակվելը ուղղակի թիկունքից հարված է ՀՀ տնտեսությանը»: Վախթանգ Միրումյանն ասաց, որ ինքն այս պահին կդժվարանա որեւէ կոնկրետ թիվ ներկայացնել, սակայն խոստացավ ճշտել ու ասել. «Սակայն մենք ոչ թե պետք է կենտրոնանանք, թե որքան ՓՄՁ է դադարեցրել իր գործունեությունը, այլ պետք է նայենք՝ փոխարենը որքանն է բացվել: Երկու փաստերի համադրումը կտա ճիշտ ցուցանիշ»: Տիկին Զոհրաբյանը նաեւ հիշեցրեց փոխնախարարին՝ շատ ընկերություններ փակվում են հարկային տարբեր պրեսինգների պատճառով: