ԱՄՆ դեսպանը համաձայն չէ ընդդիմադիրների հետ (տեսանյութ)
Ամերիկայի միացյալ նահանգները կշարունակի աջակցել Հայաստանյան ցանկացած կառույցի, որը պատրաստ կլինի պայքարել երկիրը կեղեքող կոռուպցիայի դեմ։ Հայտարարում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ Իսկ ինչպե՞ս է նա պատկերացնում այդ պայքարն այն դեպքում, երբ Հայաստանում բարձր պետական պաշտոն զբաղեցնողները խոշոր բիզնեսներ ունեն։ «Մոնոպոլիաների առկայությունը կապված է փակ սահմանով։ Սա չարաշահելու արդյունքում է, որ շուկան բաց չէ փոքր ու միջին ձեռնարկությւոնների առաջ։ Հիմա ծառայությունների մատուցումն ավելի բաց է, մարդիկ շատ ծառայությունների համար ստիպված չեն լինում կաշառք տալ»,- նշում է նա։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ ընդդիմությունը հայտարարում է քարոզարշավ իրականացնելու հավասար հնարավությունների բացակայության մասին։ ԱՄՆ դեսպանն այս տեսակետը չի կիսում։ «Երկու կողմերը հնարավորություն ունեն տեսակետներ ներկայացնելու։ Ես կարծում եմ, որ կառավարությունը գիտակցում է, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արժանահավատությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որ լինի ընդգրկուն բանավեճ»։ Շարունակում է լարված մնալ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ։ Ըստ պարոն Միլսի՝ ԵԱՀԿ համանախագահող երկրները չէ, որ մեղավոր են դրանում։ «Միջնորդներն աշխատում են իրավիճակը հարթելու համար, սակայն ջանք պահանջվում է երկու կողմից էլ։ Իմ կառավարությունը մտահոգ է լարվածության և բռնությունների մակարդակով»,- հավելում է Հայաստանում ԱՄՆ դեսպանը։