Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրությունն ուղղակի զզված է արդարադատության համակարգից» (տեսանյութ)

Քաղաքականություն
AnwON1KTEuA

Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումն անցավ լարված մթնոլորտում։ Հիմնական զեկուցող Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը նշեց. «Դատախազության ոլորտի աշխատակիցների գործակիցների փոփոխություն է նախատեսվում»։ Ըստ օրինագծի, նախատեսվում է բարձրացնել մասնավորապես դատախազության ոլորտի աշխատակիցների աշխատավարձը։ ԲՀԿ խմբակցության պատգամավորին զայրացրեց այս նախագիծը. «Ոնց որ ինադու լինի, անընդհատ լսում եմ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում, նյարդերս նյարդայնանում են։ Միջոց կարո՞ղ ենք գտնել՝ այս հարցը հետաձգելու կամ հանելու շրջանառությունից»,-հարցրեց նա։ «Պետբյուջեի պլանավորման շրջանակում է այս հարցը և հատուկ խնդիր չի առաջացել։ Նախագիծն անհետաձգելի է համարվել նաև բյուջեի պլանավորման տեսանկյունից։ Եվ բարձրացումը շատ չէ»,-պատասխանեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալը։ «Որքան շատ ենք բարձրացնում աշխատավարձերն այդ պաշտոնյաների, այնքան շատ են մեր հայրենակիցները բողոքում արդարության ճգնաժամից և կոռուպցիոն ռիսկերը չեն նվազում։ Մեր հանրությունն ուղղակի զզված է արդարադատության, իրավական համակարգում, դատարաններում տիրող վիճակից։ Դուք ինքներդ հրահրելու եք հանրային հերթական դժգոհությունը»,-իր հերթին նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Պարոն Մկրտչյանը վստահեցրեց. «Կոռուպցիան նվազեցնելու առումով շեշտակի աշխատանքներ տանում ենք։ Կառավարությունն անհրաժեշտություն տեսնում է՝ այս փոփոխությունը կատարելու»։