Ինչպես «գլխատել» Առաքել Մովսիսյանին (տեսանյութ)
Ազգային Ժողովի էթիկայի հանձնաժողովն այսօր քննարկում էր հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի վարքը՝ վերջինս խոստացել էր գլխատել եւ բռնաբարել պաշտպանության նախարարի տիկնոջ մասին մերկացնող հրապարակում գրողներին, զեկուցողը Թեւան Պողոսյանն է, որոշման նախագիծն էլ կա։ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը տեղեկացնում է, որ որոշման նախագիծը կուղարկվի պարոն Մովսիսյանին: 5 օրվա ընթացքում Առաքել Մովսիսյանը պետք է կարողանա անձամբ գրավոր առարկություններ ունենալ կամ չունենալ որոշման նախագծի վերաբերյալ, բոլոր դեպքերում խիստ պատիժներ չեն սպասվում։ «Էթիկայի հանձնաժողովը ոչ դատարան է, ոչ էլ գլխավոր դատախազություն»,- ասում է ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը: Պարոն Բաբայանին լրագրողները հիշեցրեցին՝ բայց նա խոստացել է գլխատել եւ բռնաբարել լրագրողին, գուցե նվազագույնը որոշում կայացվի Առաքել Մովսիսյանին գլխատել ներքեւից, որպեսզի լրագրողին չբռնաբարի. «Պրակտիկան ցույց է տալիս, որ կայացվում են որոշումներ, որոնք հրապարակվում են եւ ընդամենը էթիկայի հանձնաժողովն ունի լիազորություններ արձանագրելու»: Որպես էթիկայի հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը կխուսափի գնահատել հանրապետության բարձրագույն օրենսդրական մարմնի ներկայացուցչի փողոցային կեցվածքը. «Իմ կարծիքը ես կհայտնեի այն ժամանակ, երբ որ այս գործի հետ ես որեւէ առնչություն չունենայի»։ Հանձնաժողովն իր վերջնական որոշումը կհրապարակի դեկտեմբերի 1-ին: