Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պարոն Մուկուչյանը կխափանի համակարգը ու կնկարի Սերժ Սարգսյանի համար «այո»-ները» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
934119b0dd6a3e2cca2a8605f7ef475b

«Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում նշեց, որ հերթական անգամ մասնակցելու են ոչ հետաքրքիր մի թատրոնի, որ կոչվում է ընտրություններ. «Մենք ամեն անգամ գնում ենք ընտրատեղամաս ու մեր խղճի համաձայն կատարում ենք ընտրություն, սակայն մեր ձայնը տեղ չի հասնում, քանի որ ընտրությունների փոխարեն տեղի է ունենում այս կամ այն անձի նշանակում: Որոշ ուժերի էլ թողնում են գալ ԱԺ՝ դրանով ցույց տալով, որ իբր բազմակարծություն են ապահովում, որ ասեն ժողովրդավար են: Մեր քվեն իրապես չկարողացանք տեղ հասցնել ու օրինական իշխանություններ ձեւավորել: Հիմա էլ իբր հանրաքվե են ուզում անցկացնել ու այս օրենսդրական փոփոխություններով փորձում են ավելի մատչելի դարձնել կեղծարարությունը»: Ըստ նրա՝ միայն մեկ լուծում կա՝ դա համատարած ընդվզումն է. «Անգամ հանձնաժողովների բոլոր ազնիվ անդամները ոչինչ չեն կարող անել. պարոն Մուկուչյանը սիրուն ձեւով կխափանի ամբողջ համակարգը ու գեղեցիկ կնկարի Սերժ Սարգսյանի համար «այո»-ները: Դրա դեմ մենք պետք է ցույց տանք մեր ուժը, մենք պետք է բողոքենք համընդհանուր կերպով, ու դա պետք է լինի մինչեւ դեկտեմբերի վեցը ու տեւի մի քանի օր շարունակ, որ կարողանանք հասնել իրական համակարգային փոփոխության: Այդ փոփոխություններով մեր ոչ մեկի կյանքը չի բարելավվելու, ու շատ մարդիկ շարունակելու են բռնել արտագաղթի ճանապարհը: Այս թատրոնի մասնակցությունը կլինի այն, որ չենթարկվել այս ծրագրի նախանշված քայլերին. մենք պետք է ունենանք մեր ծրագիրը»: Տիկին Փոստանջյանի խոսքերով՝ մենք չկարողացանք գնալ քաղաքական էվոլյուցիոն ճանապարհով. «Այն համակարգային օրենքները, որ անհրաժեշտ էին պետության կայացման համար, չընդունեցին. իշխանությունները ցանկանում են ընդամենը երկարացնել իրենց կյանքը, իսկ մերը ռադիկալ փոփոխությունների ճանապարհն է»: Նրա ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց իր կուսակիցներին՝ չարձագանքել Զարուհի Փոստանջյանին եւ ինքը խոսեց. «Կխնդրեմ իմ գործընկերներին, որ ելույթ ունենան օրենքի մասին. խոսվեց ամեն ինչի մասին, բացի բուն էությունից: Պետության կառավարումից ու շահերից եք խոսում, որ մի կուսակցություն ու խմբակցությունը փոշիացրիք: Դուք ուր, պետականության կառավարումն՝ ուր»: