Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցումը կավարտվի 2016-ի վերջին
Ուղիղ կապ ապահովելով Հայաստանի եւ Արցախի հյուսիսային շրջանների միջեւ, նոր մայրուղու գործարկումը ոչ միայն զգալիորեն կկրճատի այն ժամանակահատվածը, որն այսօր անհրաժեշտ է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհով մի հանրապետությունից մյուսն ուղեւորվելու համար, այլ կամրապնդի միջհամայնքային կապերը, կնպաստի հարակից համայնքների տնտեսական զարգացմանը, կխթանի զբոսաշրջությունը` աշխուժացնելով մեր երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական կյանքը: Ճանապարհը հնարավորություն կտա նաեւ ծանոթանալ մեր պատմամշակութային հուշարձաններին ու վայելել հայրենի բնաշխարհի գեղեցկությունը: Նախորդ տարիներին ճանապարհի մերձակա համայնքներում իրականացվել են մի շարք ենթակառուցվածքներ. Քարվաճառն եւ Գետավանն ունեն կանոնավոր ջրամատակարարում, Չափարը, Վերին Հոռաթաղն ու Վաղուհասը` նորակառույց դպրոցներ, եւ այսօր համայնքային կենտրոններ են կառուցվում Գետավան եւ Կոճողուտ գյուղերում: Բարեկարգ ավտոմայրուղու առկայությունը հնարավորություն կտա ոչ միայն կյանքի կոչել շրջակա համայնքների կյանքն ու կենցաղը բարելավող սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներ, այլեւ զարկ կտա բիզնես եւ զարգացման ծրագրերին` գյուղացուն ապահովելով կայուն եկամտով` փոխելով նրա կյանքի որակը: «Հայաստան» համահայկական հիմնադրամ