Մշտական բնակչության և ընտրողների թվի հարաբերակցությունը` հանրաքվեին ընդառաջ. ՀՔԱՎ
Ընտրական գործընթացների լեգիտիմության գնահատման շրջանակներում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարբերաբար ուսումնասիրում է տարբեր գործոններ, որոնք ազդում են կամ կարող են ազդել ընտրությունների օրինականության վրա: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը 1991թ. եղել է 3 512 000 մարդ, որի 58 %-ը (2 051 473) կազմել են ընտրելու իրավունք ունեցող՝ այսինքն՝ 18 տարին լրացած գործունակ անձինք: Ընդհանուր և համակարգված ընտրական ցուցակների բացակայության, ինչպես նաև հաշվառման մեխանիզմների անորոշության պատճառով, թերևս, 1990-ականներին ընտրացուցակներում առկա էին բազմաթիվ բացեր, և մեծ թվով բնակիչներ զրկված էին ընտրելու իրավունքից: Ժամանակի ընթացքում այս խնդրի կարգավորումը, սակայն, հանգեցրել է հակառակ ծայրահեղության: Ընտրողների թվի տեսակարար կշիռը անհամաչափ մեծացել է 2012թ. ից՝ հասնելով 83%-ի: Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ 2015թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը կազմել է 3 010 600: 2015թ. ՀՀ Ոստիկանության ներկայացրած նախնական ընտրացուցակներով ընտրողների թիվը դարձել է 2 552 243, այսինքն՝ ընտրողների տեսակարար կշիռը 85 % է: Այսինքն՝ նշված 24 տարիների ընթացքում ՀՀ բնակչությունը պակասել է ավելի քան 500 հազարով, միաժամանակ գրեթե նույնքանով ավելացել է ընտրողների ընդհանուր թիվը (Տես Աղյուսակ 1): Ըստ ՀՀ ԱՎԾ բնակչության տարիքային բաշխվածության տարեկան միջին ցուցանիշի՝ մշտական բնակչության 25-30 % եղել է մինչև 18 տարեկան: Ստացվում է, որ մշտական բնակչության 70-76 % (կամ միջինը 73 %-ը) պետք է լիներ ընտրող (ինչպես, ըստ Աղյուսակ 1-ի, եղել է 2003-2008): 2012թ. ընտրողների թվի տեսակարար կշռի 10 % ավելացումը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես բնական աճ, քանի որ որևէ թվական հիմքեր կամ փաստեր չկան կարծելու, որ նման բնական հավելաճ է տեղի ունեցել 1990-1994թթ.: Պատկերն ավելի հստակ է դառնում, երբ ուսումնասիրում ենք մարզային բաշխումները: Համադրելով 2007, 2008, 2012, 2013, 2015 թվականների հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում մշտական բնակչության թվերը նույն բնակավայրերում այդ թվականին տեղի ունեցած համապետական ընտրությունների ընտրողների ընդհանուր թվերի[1] հետ՝ տեսնում ենք, որ ընդհանուր բնակչության թվի նվազմանը զուգահեռ կտրուկ ավելացել է ընտրողների բացարձակ թիվը և տեսակարար կշիռը: Լոռու մարզում, փաստորեն, ընտրողների թիվը կազմում է մշտական բնակչության 105%-ը (Տես Աղյուսակ 2): Իսկ Վանաձոր քաղաքի բնակչության և ընտրողների թվի հարաբերակցությունը ցույց է տալիս, որ ընտրողների թվի անհամաչափ աճի վերոնշյալ տենդենցը արհեստական միջամտության կամ թվային մանիպուլացիայի արդյունք է: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ © 1998-2014 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ