Լեւոն Արոնյանը կմասնակցի հավակնորդների մրցաշարին
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը եկող տարի կմասնակցի շախմատի հավակնորդների մրցաշարին: Ինչպես տեղեկացնում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը, ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի հետ քննարկել է մրցաշարի կազմակերպման հետ կապված հարցեր: Այդ հանդիպումից հետո պարզվել է, որ հավակնորդների մրցաշարը կայանալու է Մոսկվայում: Այն հովանավորելու է «Տաշիր» ընկերությունը, որը պատկանում է հայազգի գործարար Սամվել Կարապետյանին: ՖԻԴԵ-ն իր կողմից որպես հավակնորդ առաջարկել է մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանին: Նրանից բացի մրցաշարին կմասնակցեն նաեւ եւս 7 շախմատիստներ՝ Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը (երկուսն էլ Ռուսաստան), Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Անիշ Գիրիին (Հոլանդիա) եւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան): Մրցաշարի հաղթողը 2016 թվականին աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ կվիճարկի շախմատի հերթական թագը: