Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակոբ Սերոբյան. «Դավթյան Արթուրին այլեւս վիտամին չենք տալու» (տեսանյութ)

Սպորտ
sport-marmnamarzik

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի կարծիքով, աշխարհի առաջնությունից առաջ Արթուր Դավթյանի մոտ առաջացած գլխապտույտները կապված են եղել վիտամինների հետ: «Մենք ընդհանրապես վիտամիններ չենք օգտագործում, սակայն աշխարհի առաջնությունից առաջ որոշեցինք դիմել դրանց օգնությանը: Վահագն Դավթյանի մոտ շատ լավ էր, Հարություն Մերդինյանը ոչ մի տարբերություն չի զգացել, իսկ ահա Արթուր Դավթյանը խնդիրներ ունեցավ: Սա մեզ դաս եղավ եւ այսուհետ Արթուրին ոչ մի լավ բան չենք տա: Ինքը թող ուտի միայն իր սիրած մրգերն ու ուտեստները», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց փորձառու մասնագետը: «Ա1+»-ի մարզական թղթակցի այն հարցին, թե ինչով կարելի է բացատրել մեր մարմնամարզիկների հաջողությունները ֆեդերացիայի սուղ ֆինանսական միջոցների պայմաններում, Հակոբ Սերոբյանն ասաց. «Պարոն Ազարյանը երկար ժամանակ վստահում է մեզ, եւ մենք ցանկանում ենք նրան ապացուցել, որ կարող ենք արդյունք ապահովել: Մենք շատ բան չենք պահանջում, պարզապես մեզ պետք են հնարավորություններ երեխաների համար հավաքներ կազմակերպելու համար»: Նշենք, որ Հարություն Մերդինյանը աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ, դրա հետ միասին 2016 թվականի օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել, ինչն առաջինն է անկախ Հայաստանի պատմության մեջ: Արթուր Դավթյանը իրավունք է ստացել մասնակցելու նախաօլիմպիական մրցաշարին, որը կայանալու է հենց խաղերի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում, եկող տարվա գարնանը: