Կառավարությունը մերժեց Զ. Փոստանջյանի՝ Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին նախագիծը
Այսօր կառավարությունը մերժել է Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի քննարկումը և ընդունումը: Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը»,- նշված է վարչապետ Հովիկ Աբրահամյանի պատասխան նամակում: «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ամրագրել, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը Թուրքիայի Հանրապետության կողմից: Ելնելով վերոգրյալից` հայտնում ենք, որ ՀՀ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների, ինչպես նաև ՀՀ համայնքների բյուջեների ծախսերի և եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն. Ասված էր Զ. Փոստանջյանի ներկայացրած նախագծում: