«Սա օրիորդաց վարժարան չէ». Արզումանյանը՝ օմբուդսմենի բացակայության մասին
ԱԺ-ում 2016թ. պետական բյուջեի ՄԻՊ ծախսերի եւ եկամուտներ քննարկմանը ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դիտողություն արեց օմբուդսմենի բացակայության վերաբերյալ: Քննարկմանը եկել էր ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը: «Պարոն Արեյան, ես վստահ եմ, որ դուք տիրապետում եք նյութին ու կարող եք պատասխանել մեր հարցերին, սակայն լավ չէ, երբ գերատեսչության ղեկավարը չկա: Մեր հանձնաժողովը շատ բարյացակամ է միշտ վերաբերվել ՄԻՊ գրասենյակին: Մենք անգամ այնպես արեցինք, որ լրացուցիչ ֆինանսավորում տրամադրվեց ձեզ, հաջորդ տարի դուք գոհ էիք: Մենք միշտ հարգալից վերաբերմունք ենք ցուցաբերել ձեր նկատմամբ: Մեզ համար անընդունելի է, երբ օմբուդսմենն անձամբ չի եկել: Իհարկե, լինում են բացառություններ, ինչպես ԱԳՆ պարագայում, որն ունի երկարաժամկետ պայմանավորվածություններ ու գրաֆիկ, սակայն օմբուդսմենը, որ ՀՀ-ում է գտնվում, պիտի մասնակցեր: Պատկերացրեք մեր փոխարեն բյուջեի քննարկմանը գային միայն մեր օգնականները: Դուք անկախ մարմին եք ու ձեզ համար անկախ համագործակցում եք բոլորի հետ, մանավանդ ԱԺ-ն ձեզ պետք է, երբ կան օրենսդրական բացեր, որոնք լրացնելով՝ պետք է վերացվեն մարդու իրավունքների խախտումները»,- հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանն՝ ավելացնելով. «Սա օրիորդաց վարժարան չէ, որ ինչ-ինչ բաներից նեղացած լինի օմբուդսմենն ու չներկայանա: Կնախընտրենք, որ այստեղ բյուջեն ներկայացնի անձամբ օմբուդսմենը, որը ընդամենը տարին երկու-երեք անգամ է ԱԺ գալիս»: ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը եւս հայտարարեց, որ իրենց հանձնաժողովը միշտ բաց է եղել օմբուդսմենի հետ համագործակցելու համար. «Մենք ամեն ինչ անում ենք, որ համագործակցությունը լինի պատշաճ մակարդակի վրա ու այդ պատճառով օմբուդսմենի բացակայությունը մտահոգվելու տեղիք է տալիս, թե արդյոք հարգալից այդ վերաբերմունքը փոխադա՞րձ է»: Տիկին Վարդանյանը նաեւ նշեց, որ իրենք նման համաձայնություն ձեռք չէին բերել, որ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այսօր չի մասնակցելու քննարկմանը. «ԱԺ-ն պահանջում է պատշաճ վերաբերմունք»: ՄԻՊ աշխատակազմի ղեկավարը միայն հայտարարեց, որ իրենք միշտ հարգալից վերաբերմունք են ունեցել ԱԺ նկատմամբ. «Օմբուդսմենի բացակայությունը մի վերագրեք որպես անհարգալից վերաբերմունք»: «Դե որ այդպես է՝ հաշվապահին ուղարկեիք»,- հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը: Հիշեցնենք, որ բյուջեի քննարկումներից բացակայելու համար չքննադատվեցին ոչ Գլխավոր դատախազը, ոչ ՀՀ ոստիկանապետը, ոչ Վերահսկիչ պալատի նախագահը, ոչ ՀՔԾ պետը: