Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վաղուց ինձ այսքան չէին ամաչեցրել». Մարգարիտ Եսայանը գովում է փոխնախարարին

Քաղաքականություն
pavel-safaryan

Այսօր ԱԺ-ում 2016թ. պետական բյուջեի քննարկմանն իր ծախսերն ու եկամուտներն էր ներկայացնում ՄԻՊ-ը: Օմբուդսմեն Կարեն  Անդրեասյանը չէր եկել քննարկմանը, նրան փոխարինում էր աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը: Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ ՄԻՊ ինստիտուտին 2016թ. տրամադրվող գումարները 6.9 մլն դրամով ավելացել են՝ ընդհանուր առմամբ կազմելով 256 մլն դրամ: Ըստ նրա՝ գումարային ավելացումը կապված է աշխատավարձերի բնականոն աճով՝ ստաժով պայմանավորված: «Սա ամենասեղմ բյուջեն է մյուս գերատեսչությունների հետ համեմատ»,- նկատեց ԲՀԿ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, հարց ուղղելով Պավել Սաֆարյանին, նշեց, որ առանձնապես ասելու բան չունի, միայն նշեց՝ ինչ քննարկվում է մյուս հանձնաժողովներում, բոլոր այդ հարցերն էլ այս կամ այն կերպ վերաբերում են մարդու իրավունքներին. «Մենք նախորդ տարի ուրախացանք, նույնիսկ հումորի վերածեցինք, որ ՄԻՊ գրասենյակը քիչ հատկացումներ է ուզում, սակայն կարծում եմ, որ այս ինստիտուտին պետք է ավելի մեծ ուշադրություն արձնել. արդյոք ժամանա՞կը չէ, որ միջազգային տարբեր կազմակերպությունների աջակցությունն ավելի քիչ լինի, քան մեր պետության: Պետական հոգածությունը շատ ավելի զգալի պետք է լինի, քան կա»: Այնուհետեւ տիկին Եսայանը սկսեց գովեստի խոսքեր շռայլել Պավել Սաֆարյանի հասցեին, ինչին ի պատասխան պարոն Սաֆարյանը ժպիտով արձագանքեց. «Վաղուց ինձ այսքան չէին ամաչեցրել»: ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանն իր կողմից նշեց, որ իրենք կրկին ավելի գումար չեն ուզել,  սակայն կառավարության հետ անհամաձայնություններ չեն առաջացել՝ հոդված առ հոդված որքան գումար ուզել ենք, տվել են. «Դա չի ենթադրում, որ բյուջեի մասով ճահճացած իրավիճակ է»: Ի դեպ, բյուջեի քննարկումներից բացակայելու համար չքննադատվեցին ոչ Գլխավոր դատախազը, ոչ ՀՀ ոստիկանապետը, ոչ Վերահսկիչ պալատի նախագահը, ոչ ՀՔԾ պետը: Նրանց բացակայության հանգամանքը անտեսվեց, եւ կրկին անգամ քննադատության թիրախ դարձավ օմբուդսմենը: Բացակայում էին նաեւ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի բազմաթիվ անդամներ: Նրանք եւս նկատողություն չստացան: