Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրապարակե՞լ երեխաների նկարները, թե՞ ոչ, որքան էլ այն ազդեցիկ է

Քաղաքականություն
DSC09738

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն այսօր մի հարկի տակ էր հավաքել լրագրողներին, լուսանկարիչներին եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր եկել էին քննարկելու մամուլում երեխաների լուսանկարները տարածելու էթիկական կողմերը: Հանդիպման հատուկ հյուրն էր բրիտանացի լուսանկարիչ Քեվին Ռայանը: Հանդիպման մասնակիցներն այն կարծիքին են, որ չի կարելի երեխաների նկարներն օգտագործել լրագրողական նյութի մեջ, եթե անգամ երեխայի ծնողները տվել են իրենց գրավոր կամ բանավոր համաձայնությունը, սակայն այդ  հարցում կան շատ «բայց» -եր: «Լուսանկարն ավելի ազդեցիկ է դարձնում պատմությունը: Մի կողմից դու չես հրապարակում լուսանկարը՝ խնայելով հերոսին, մյուս կողմից զրկում ես իրականությունը տեսնելու հնարավորությունից այն մարդկանց, ովքեր չգիտեն, թե ինչ է կատարվում»,-ասաց բրիտանացի լուսանկարիչը: Քեվին Ռայանը նշեց նաեւ, թե սոցիալապես անապահով ընտանիքների լուսանկարներն այնքան են տարածվել, որ դրանք արդեն հակառակ ազդեցությունն են թողնում: «Մարդիկ հոգնել են այդ սրտաճմլիկ պատկերներից: Ընթերցողներին այժմ հետաքրքրում են հաջողակ պատմությունները, թե ինչպես են, օրինակ, մարդիկ կարողացել դուրս գալ այդ վիճակից»,-ասաց Ռայանը: Քննարկմանը ներկա էր նաեւ լուսանկարիչ Գերման Ավագյանը, որն ասաց, թե երեխաների բաց դեմքով նկարները չի կարելի հրապարակել: «Պետք է աչքերի հատվածը փակել անպայման, սակայն այդ կերպ էլ նկարը կարող է կորցնել իր ազդեցիկությունը»,-նշեց նա: Ի դեպ, լուսանկարիչն իր փորձից պատմեց, որ ԱՄՆ-ում, օրինակ, եթե հանրային վայրերում մի երեխայի լուսանկարեցիր, պետք է մոտենաս, տեղեկացնես ծնողին այդ մասին եւ տպագրելու թույլտվություն ստանաս. «Եթե համաձայնեց, ապա խնդրում ես ասել երեխայի անուն-ազգանունը, որովհետեւ առանց դրա լուսանկարը պարզապես չեն տպագրի»: