Ռուբեն Հայրապետյանը ազատամարտիկին մեղադրել է սուտ մատնության մեջ (տեսանյութ)
Նոյեմբերի 3-ի երեկոյան Կենտրոնի ոստիկանական բաժանմունքում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի հետ առերեսման ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը նրան մեղադրել է սուտ մատնության մեջ: «Ռուբեն Հայրապետյանը առերեսման ժամանակ պնդում է, որ իմ հայտարարությունները նախկինում՝ սեպտեմբերի 21-ից հետո և դրան նախորդած հեռախոսազրույցը, ստահոդ մատնություններ են, որի հետ իհարկե մենք համաձայն չենք եղել»,- ասում է Սմբատ Հակոբյանը: Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 21-ին՝ հակակառավարական ցույցից հետո: Նրան ծեծելու համար ձերբակալվել է երեք անձ, որոնցից մեկն առողջության հետ խնդիրներ ունենալու պատճառով ազատ է արձակվել: Այն, թե ինքը ծեծի ենթարկվելուց առաջ Սերժ Սարգսյանի հասցեին արված վիրավորական արտահայտություններ է արել, ազատամարտիկը հերքում է: «Եթե կա որևէ մեկը, որի ներկայությամբ ես հանրապետության նախագահին կամ որևէ պաշտոնատար անձի անվայելուչ արտահայտություններ եմ արել, թող բարձրաձայն ասի»: Նրա շահերի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը չխոսեց առերեսման մանրամասներից, դրանք նախաքննական գաղտնիք են. «Առերես հարցաքննությունը անցել է աշխատանքային մթնոլորտում, որևէ ճնշում, որևէ ապօրինի գործողություն չի կատարվել էդ ընթացքում» Ազատամարտիկն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուբեն Հայրապետյանը զանգահարել է իրեն և սպառնալիքներ տեղացել: Մինչդեռ ինքը խոսակցության ձայնագրությունը չի պատրաստվում փոխանցել իրավապահներին: «Ես փաստում եմ, որ այո, իմ և Հայրապետյան Ռուբենի մեջ հունիսի 22-23-ի գիշերը 1:38 րոպե հեռախոսային բարդ բանավեճ է եղել, դեբոշ է եղել քաղաքական թեմաներով: Մնացածը պատկան մարմնի գործն է: Ես տանեմ ձայնագրությունը ներկայացնեմ պատկան մարմնին, չեն ասի՞ քեզ որտեղից ձայնագրությունը»: Սմբատ Հակոբյանը հերքում է նաև տեղեկությունները, թե ծեծի ենթարկվելուց հետո ինքը ցանկացել է հանդիպել Սերժ Սարգսյանին: «Պետք չի հանրապետության պաշտոնատար անձանց խառնել այս ամբողջին, այս պահի դրությամբ համոզված եմ, որ հանրապետության առաջին դեմքը և նրան մերձակա խումբն այս միջադեպի հետ որևէ կապ չունեն» Մինչդեռ, ըստ նրա, ապացուցելու համար, որ իրեն ծեծողները չեն հովանավորվում իշխանությունների կողմից, վերջիններս պետք է պատժեն իրեն ծեծելու հրաման տվողներին: