Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Հարությունյանի կահույքը մնացել է Ֆադեյ Տաճատիչի ժամանակներից

Քաղաքականություն
gov-procurement

ԱԺ-ում 2016թ. պետական բյուջեի քննարկմանն այսօր  Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին հարց ուղղելիս ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ Կառավարությունում պարբերաբար տեղի ունեցող աղմկահարույց վերանորոգումներին, մասնավորապես՝ ոսկեզօծ դահլիճի պարբերական թարմացմանը: Դավիթ Հարությունյանն ի պատասխան ասաց. «Ոսկի, որ ասում ենք, դա վերաբերում է գույնին, այլ ոչ թե որ ոսկի է կպցրած պատերին: Նման անվամբ դահլիճ կա նաեւ ԱԺ-ում: Կառավարության այդ դահլիճը շատ անմխիթար վիճակում էր: Օրինակ՝ իմ աշխատասենյակի կահույքը դեռ Ֆադեյ Տաճատիչի ժամակներից սկսած փոխված չէ,  քանի որ այն արարողակարգային դահլիճ չէ»: Էդմոն Մարուքյանը հստակեցրեց իր ասելիքը. «Պարզ է, որ պատերի վրա ոսկի չեն կպցրել, պատերի երեսպատման մասին է խոսքը, որի համար ծախսվել է 15.8 մլն դրամ: Եթե խոսքը վերաբերում է տնտեսական ծանր տարիներին, ՀՀ հարկատուն չի կարող հասկանալ կառավարության նման ծախսերը: Եթե նման ձեւով շարունակվի, ապա քննադատությունները ուղղված կառավարությանը, շարունակվելու են: Ես տեսել եմ, որ կառավարությունում շատ տեղեր պարկետները դուրս թռած են, սակայն հիմա ունենք 1072 ծառայողական մեքենա, որոնցից յուրաքանչյուրը օրական տասը լիտր բենզին է ստանում, այստեղից կրճատեք»: Դավիթ Հարությունյանը նկատեց՝ երբ խոսում են պետական ապարատի կրճատման մասին, կարելի է շատ բան կրճատել, սակայն ի՞նչ արդյունք դա կունենա. «Եթե ԵՄ հետ անդամակցեինք, ապա պետք կլիներ պետական ապարատը ուռճացնել: Միգուցե վերանորոգման թիվը բարձր է հնչում, սակայն հաշվի առեք, թե քմ են կառավարության պատերը ու համեմատեք, թե ինչ գումարով էր հնարավոր ստանալ նորմալ որակ»: Ի դեպ, պատգամավորների հետ հարցուպատասխանից հետո Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ ինչ քայլեր է կառավարությունը ձեռնարկել Մոսկվայից Երեւան ուղեւորված ավտոբուսի վթարից տուժածների համար: Պարոն Հարությունյանը պատասխանեց, որ տեղյակ չէ այդ միջադեպից, բայց համապատասխան նախարարություններն անպայման քայլեր կձեռնարկեն: