Հանրահավաք՝ Ս․Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհրդի հայտարարությունը Հայրենակիցնե՛ր, Ս․Սարգսյանը 2013թ․ ապրիլի 9-ին երդում է տվել՝ «անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»։ Ս.Սարգսյանը խախտել է իր տված խոստումը։ Նա պարտավոր էր դադարեցնել իր անդամությունը ՀՀԿ-ին, երբ 2014թ․ հոկտեմբերին պաշտոնապես տեղեկացվեց, որ իր ղեկավարման ընթացքում Հայաստանում «Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասը, 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 14-րդ հոդվածը, 27.1-րդ հոդվածը, 65-րդ հոդվածը առավելապես կարգախոսային բնույթ են ստացել», իսկ նրա կողմից ՀՀ Նախագահի և Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնների համատեղումը բացարձակ է դարձնում նախագահական իշխանությունը (տես՝ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձաժողովի կողմից 2014 թվականի հոկտեմբերի 14-ի նիստում հաստատված ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի 2.4.1 ենթակետի 2-րդ, 7-րդ մասեր)։ Սերժ Սարգսյանի հետագա գործողությունները վկայում են, որ նա դիտավորյալ օգտվեց իր բացարձակ նախագահական իշխանությունից, որպեսզի սահմանադրության այդ նորմերը շարունակեն մնալ անկատար՝ մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը։ Ս.թ. հոկտեմբերի 27-ին «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդը դիմել է Ազգային Ժողովի նախագահ Գ․Սահակյանին պահանջով՝
- ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ Ազգային Ժողովում քննարկել Ս.Սարգսյանի պաշտոնանկության հարցը,
- Հրապարակել 2012-2013թթ. համապետական ընտրությունների ժամանակ Հայաստանից բացակա քաղաքացիների ցուցակը,
- Հրապարակել 2012 թվականից ի վեր Կառավարության բոլոր ծախսերին վերաբերող մանրամասն տեղեկություններ: