Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կավարտվի՞ Դատախազություն - Քննչական կոմիտե «սիրային դրաման» (տեսանյութ)

Քաղաքականություն
daniel

Հունիսին  Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ակցիա իրականացնողների դեմ դատախազության կողմից վերաբացված քրեական գործը Քննչական կոմիտեն կարճել է երկրորդ անգամ: «Դատախազություն - Քննչական կոմիտե սիրային դրամայի սահմաններում է տեղավորվում գործը կարճելը, այդ որոշումը վերացնելը, այնուհետ նորից կարճելը»,- նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել խուլիգանության հատկանիշներով:  Հիմքն այն էր,  որ մի խումբ անձինք հունիսի 23-ին անօրինական հավաք, երթ, ապա նաև նստացույց կազմակերպելով Բաղրամյան պողոտայում, խափանել են հասարակական տրանսպորտի երթևեկը, խաթարել անդորրը։ Վերլուծաբան Արգիշթի Կիվիրյանը նշում է. «Որպես ականատես կարող եմ փաստել, որ որևէ պարագայում պետք է քրեական գործ չհարուցվեր խաղաղ ցուցարարների դեմ, որովհետև խաղաղ ցուցարարների որևէ գործողություններում չի եղել քրեորեն պատժելի արարք»: Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ սխալ էր դատախազության որոշումը. «Բոլորը, ովքեր երկու շաբաթում եղել են Բաղրամյանի վրա և մասնակցել են փողոց փակելուն, ստացվում է, ըստ դատախազության, խուլիգանություն են կատարել: Սա ուղղակի մառազմ է»: Նրա պնդմամբ՝ ի պատասխան իրենց հարցման Ոստիկանության իրավաբանական վարչությունը խաղաղ է բնութագրել հունիսի 23-ի հավաքը, ըստ այդմ էլ՝ քրեական գործ պետք է հարուցվեր ոչ թե քաղաքացիների, այլ հենց ոստիկանների նկատմամբ: «Ոստիկանության մասին օրենքը շատ հստակ ասում է, որ խաղաղ հավաք ցրելու ժամանակ չի կարելի օգտագործել հատուկ միջոց, այդ թվում՝ ջրանետ»: Մեծաթիվ քաղաքացիների նկատմամբ հարուցված գործ ունենալը մահակ է իշխանությունների ձեռքին, ինչը նրանք կօգտագործեն հարկ եղած ժամանակ, կարծում է Արգիշտի Կիվիրյանը: «Շուտով Սահմանադրության հանրաքվեն է և Սահմանադրության հանրաքվեի կապակցությամբ պետք է նորից վախեցնել ակտիվ քաղաքացիների աչքը: Դրա համար նորից վերաբացվեց այդ գործը, որպեսզի փորձեն նորից քաշքշել»: Բաղրամյան պողոտայում սեպտեմբերի մեկին ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանությունը դիմել է վարչական դատարան՝  հայց ներկայացնելով ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանի դեմ: «Ես ամսի մեկին իրացրել եմ իմ իրավունքը, բարձրացրել եմ իմ բողոքի ձայնը ու դրա համար ինձ վարչական պատասխանատվության ենթարկելը օրենքով չէ, ինձ որևէ ոստիկան չի մոտեցել, որևէ պահանջ չի ձևակերպել: Իսկ միգուցե ոստիկանը ինձ օրինական պահանջ ներկայացներ և ես անեի՞ դա»,- ասում է ակտիվիստը: Գործը վարույթ ընդունելու դեպքում ակտիվիստը պատրաստվում է հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ ոստիկանության: Ի դեպ, Քննչական կոմիտեի կողմից ցուցարարների դեմ հարուցված քրեական գործի կարճմանը նախորդել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան՝ քրեական գործի մասին տեղեկատվություն ստանալու ակնկալիքի մասին հայտարարությունը, ինչն էլ, ըստ ակտիվիստի, վճռորոշ է եղել գործը կարճելու որոշում կայացնելու համար: