«Ինչ դժվար է հայ մնալ օտարության մեջ». Արա Գևորգյան
Նյու Յորքում հյուրընկալվող մի խումբ հայրենի ճանաչված արվեստագետներ հոկտեմբերի 30-ին հանդիպում ունեցան Նյու Յորքի Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանի աշակերտների, ուսուցիչների և ծնողների հետ։ Ներկաները ջերմությամբ ընդունեցին Երևանից և Լոս Անջելեսից ժամանած հանրահայտ արվեստագետներին՝ կոմպոզիտոր Արա Գևորգյանին, Անդրեին, Լեյլա Սարիբեկյանին, Արմեն Հովհաննիսյանին, Անդրանիկ Մուրադյանին, Սալբի Մաիլյանին, Նյու Յորքի «Շուշի» պարախմբի գեղարվեստական ղեկավար և պարուսույց Սեդա Պասկալյան – Գանթրջյանին և այլոց։
Վարժարանի աշակերտների ուժերով ներկայացվեց հետաքրքիր հայտագիր, որտեղ ընդգրկված էին հայ անվանի բանաստեղծների ստեղծագործություններ և տարբեր երգահանների խմբերգեր ։ Ցերեկույթի վերջում վարժարանի տնօրեն Զարմինե Պողոսյանը, մանկավարժներն ու աշակերտները իրենց շնորհակալությունը հայտնեցին հայ արվեստագետներին ջերմ և բարեկամական հանդիպման համար։
Ճանաչված կոմպոզիտոր Արա Գևորգյանը վարժարանի հուշամատյանում կատարեց հետևյալ գրառումը՝ «Հպարտություն է լինել Հայ դպրոցի աշակերտ։ Ծանոթանալով այս հիանալի դպրոցին՝ հասկացա՝ ինչ դժվար է հայ մնալը օտարության մեջ։ Հարկավոր է պահել, պահպանել և օգնել մեր դպրոցին։Սիրում եմ Ձեզ, սիրելի ուսուցիչներ և աշակերտներ ։ Ամենաջերմ ու բարի մաղթանքներով ՝ Արա Գևորգյան»։
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ - Նյու Յորք
Լուսանկարները՝ հեղինակի