Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս տարի Հայոց ցեղասպանության ճանաչում Գերմանիայի կողմից պետք չէ ակնկալել (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-Nkar-Jirayr-Qocharyan

Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ, հայագետ Ժիրայր Քոչարյանը կասկածելի է համարում: Նրա խոսքերով՝ Թուրքիայի և  Գերմանիայի միջև  գոյություն ունեցող  սերտ  հարաբերությունները, որոնք առկա են դեռևս 1830-ական թվականներից  սկսած, Գերմանիան չի վտանգի, Թուրքիային Գերմանիան համարում է բարեկամ երկիր: Պարոն Քոչարյանը շեշտում է, որ հիմա էլ Գերմանիայում շուրջ 4 միլիոն թուրքեր են աշխատում, որոնց երկրորդ, երրորդ սերունդները մտել են գերմանական կուսակցություններ և ունեն իրենց ազդեցությունը  Գերմանիայի արտաքին քաղաքականության վրա: Այս հանգամանքով է բանախոսը պայմանավորում նաև Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի  ընդունման հետաձգումը: Նման բանաձևի ընդունում, համենայն դեպս, այս տարի պարոն Քոչարյանը քիչ հավանական է համարում: Իրենք  այդպիսի տվյալներ չունեն: «Կլինի՞ դա արդյոք, թե՞ ոչ, չգիտեմ, ապագայի հարց է: Գուցեև այդ բանաձևը հաջորդ տարի մտնի Բունդեսթագ: Եթե ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Գերմանիան որոշում կայացնի 2 բան կարող է պատահել: Առաջինը՝ նա Թուրքիային բարոյական մի լավ ապտակ կհասցնի, երկրորդը՝ գուցեև Գերմանիան որոշակի պարտականություններ հանձն առնի, բայց թե ինչ պարտականություններ չեմ կարող ասել, դա Հայաստանի   իշխանությունների հետ պետք է քննարկի»: Իսկ Թուրքիայի կողմից ցեղասպանության  ճանաչումը,   ըստ Ժիրայր Քոչարյանի, կարող  է լինել միայն և  Հայաստանի և միջազգային հանրության ճնշման ներքո: «Առանց ճնշումների դա տեղի չի ունենա: Գերմանիայում բացի հայերից այսօր ապրում են շուրջ 120 հազար հրեաներ, ասորիներ,  քրիստոնյա  մի շարք ազգեր, որոնք նույնպես ակտիվացել են: Կարող եմ ասել, որ ժամանակը մեր օգտին է աշխատում, սկսել ենք նրանց հետ աշխատել, և շատ լավ կլիներ, որ Գերմանիայի հայկական կազմակերպությունները գիտակցեին, որ առանց գերմանական մտավորականության և քաղաքական որոշ գործիչների հետ համագործակցության ոչինչ չի կարող տեղի ունենալ: Համեմատած 20-30 տարի առաջվա հետ, հիմա Գերմանիայում համարյա թե մարդ չկա, որ  ցեղասպանության մասին չիմանա»,-եզրափակեց նա: