Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հորդոր գործատուներին՝ չստիպել աշխատանքի ներկայանալ հիվանդ վիճակում (տեսանյութ)

Հասարակություն
TH_Grip

Հանրապետությունում գրիպի կամ սուր շնչառական այլ հիվանդությունների բռնկում չկա: Այսօր այս մասին հայտնեց Առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի տնօրեն Լիլիթ Ավետիսյանը. «Նախորդ շաբաթվա ընթացքում սուր շնչառական հիվանդությունների 2354 դեպք է գրանցվել: Սա բռնկման կամ համաճարակի շեմից բավականին ցածր է: Սեզոնային աճ լինում է, բայց խնդիր չկա, դեպքերը նորմայի սահմանում են»: «Ա1+»-ի դիտարկմանը, թե բժիշկները երբեմն ախտորոշում են թոքաբորբ, սակայն հետո պարզվում է, որ այն առկա չէ անձի մոտ, տիկին Ավետիսյանը նշեց. «Բժիշկը կարող է ենթադրել, որ թոքաբորբ կա, սակայն մեկ, երկու օր պետք է հետևի՝ համոզվելու համար՝ դա իսկապես այդպես է, թե ոչ: Լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ որևէ ախտանշան. հազ, ջերմություն առկա չէ անձի մոտ, սակայն ռենտգեն հետազոտության արդյունքում պարզվում է, որ թոքաբորբ կա»: Թոքաբորբի հատկապես բարդ տեսակի դեպքում Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի տնօրենը հորդորում է պարտադիր դիմել բժշկի: Իսկ խոսքի վերջում տիկին Ավետիսյանն իր խորհուրդներն ուղղեց. «Եթե անձի մոտ սուր շնչառական որևէ հիվանդություն կա, ապա նրա իրերը պետք է առանձնացնել, հետևել հիգիենայի բոլոր կանոններին: Հաճախ լվացեք ձեռքերը, օդափոխեք այն սենյակը, որտեղ գտնվում եք երկար ժամանակ: Իսկ գործատուներին հորդորում եմ չստիպել աշխատակիցներին հիվանդ վիճակում գնալ աշխատանքի»: