Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք լինի, ՀՀԿ-ն հանրահավաք էլ կանի (տեսանյութ)

Քաղաքականություն
eduard-sharmazanov

Ներկայիս Ընտրական օրենսգիրքը լիովին հնարավորություն է տալիս վերահսկել ամբողջ ընտրական պրոցեսը, -ասում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը ընդդիմության քննադատությունները համարում է ավելորդ աղմուկ։ «Մեր գրասենյակները  չեն փակվում, մենք ունենք քարոզիչներ, մենք չունենք որեւէ խնդիր»,-ասում է նա՝ պնդելով, թե մեծամասնականով ընտրված բոլոր պատգամավորներն էլ  ընդգրկված են  սահմանադրական հանրաքվեի քարոզարշավում։ Մենք կարգապահ կուսակցություն ենք, եւ բոլորը գիտեն իրենց անելիքը,- հայտարարեց նա ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո։ Քննարկում չի եղել, բայց եթե  անհրաժեշտություն լինի՝ պարոն Շարմազանովը չբացառեց, որ ՀՀԿ-ն հանրահավաք էլ կանի։ Գնահատելով ընդդիմության հայտարարությունները՝ հնարավոր ընտրակեղծիքների մասին՝ Շարմազանովը հիշեց Օտտո Ֆոն Բիսմարկի հետեւյալ խոսքերը. «Երբեք այդքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո եւ ընտրություններից առաջ»:  Նկատենք, որ ՀՀԿ խոսնակը այս խոսքերը մեջբերել է նաեւ 2013թ Նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Լրագրողներից մեկը փորձեց հասկանալ, թե Բիսմարկի խոսքերն ինչքանով են վերաբերում ՀՀԿ-ին։ «Ձեր հարցին թույլ չտվեք պատասխանել»,- եղավ պատասխանը։ Ըստ Շարմազանովի՝ իրենք պատրաստ են համագործակցության բոլոր նրանց հետ,ովքեր պատրաստ են իրենց հետ համագործակցության։ Մինչ հարցերին պատասխանելը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ողջունեց Պարագվայի սենատում՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը։ Ի դեպ, Շարմազանովը տեղեկացրեց, թե հայտնի չեն Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպման մանրամասները։