ԵԱՀԿ-ն արձանագրում է առաջընթացը կանխելու փորձը՝ առանց անուններ նշելու
ԵԱՀԿ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի ուղեկցությամբ տարածաշրջան են ժամանել հոկտեմբերի 26-28-ին: Մենք հանդիպել ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին և արտգործնախարարներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկություն են հայտնել հանդիպել մինչև տարեվերջ համանախագահների հովանու ներքո՝ քննարկելու հակամարտության կարգավորման առանցքային տարրերը և այլ հարցեր: Մենք նախագահներին հիշեցրել ենք ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության վտանգների մասին: Ծանր հրետանու՝ ականանետերի ու նռնականետերի կիրառումը անընդունելի է և մեծ վտանգ է ներկայացնում խաղաղ բնակչության համար: Մենք խորապես ցավակցում ենք խաղաղ բնակչության շրջանում մարդկային զոհերի ու վիրավորների համար, և հույս ունենք, որ կողմերն ամեն քայլ կձեռնարկեն բռնություններից խուսափելու համար: Մենք բարձրացրել ենք առկա առաջարկները, որոնք միտված են անվտանգության կայունության ապահովմանը և բանակցությունների համար ավելի կառուցողական միջավայր ստեղծելուն: Բաքվում մենք հանդիպել ենք Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ: Մենք խրախուսում ենք երկխոսությունը բոլոր նրանց միջև, ովքեր տուժել են հակամարտությունից, որպես հակամարտության կարգավորման գործընթացի կարևոր մաս և աջակցում ենք բոլոր այն ծրագրերը, որոնք միավորում են հայերին և ադրբեջանցիներին: Երևանում մենք հանդիպել ենք նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին և քննարկել անհայտ կորած անձանց մասին տվյալների փոխանակման հարցը: Շփման գիծը հատելու ժամանակ համանախագահների ուղղությամբ անհայտ կողմից կրակոցներ են արձակվել՝ ստիպելով նրանց պաշտպանական միջոցներ կրել: Կողմերը պարտավորություն էին ստանձնել՝ դիտարկման անվտանգությունը երաշխավորելու համար. Այս միջադեպը հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը կանխելու փորձ է: Սա ընդգծում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ԵԱՀԿ կողմից ուսումնասիրելու անհրաժեշտությունը: